Վլադիմիր Զելենսկի. «Իմ ընտանիքը Կիևում է»

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Կիև, 14-ը փետրվարի, 2022թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիև այցելած Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ իր ընտանիքը մնում է Կիևում և մայրաքաղաքից հեռանալու մտադրություն չունի:

«Իմ ընտանիքը միշտ հետս է, միշտ Ուկրաինայի հետ է, առանց պաթոսի եմ դա ասում, ես նախագահն եմ, կինս՝ առաջին տիկինն է, մենք պարտավոր ենք մեր պահվածքով օրինակ ծառայել, ցույց տալ, թե ինչպես պետք է վարվեն ընտանիքները»,- ասել է Զելենսկին` պատասխանելով այն հարցին, թե որտեղ է գտնվում ընտանիքը, և ինչպես է նա գնահատում մայրաքաղաքից օտարերկրացի դիվանագետների հեռանալը:

Նախագահը «սխալ» է որակել մի շարք երկրների դիվանագետների տեղափոխումը մայրաքաղաքից Ուկրաինայի արևմտյան շրջաններ:

«Դա մեծ սխալ է, որը կատարում են որոշ դեսպանատներ, տեղափոխվելով Ուկրաինայի արևմուտք, որովհետև չկա Արևմտյան Ուկրաինա, կա մեկ միացյալ Ուկրաինա»,- ասել է Զելենսկին:

Նա նաև դատապարտել է երկրից հեռանալու՝ մի խումբ ուկրաինացի գործարարների և մեծահարուստների որոշումը:

«Մեծ խնդիր է օլիգարխների հետ, նրանք իրենց դատավճիռն են կայացրել»,- ասել է Զելենսկին, բոլորին հորդորելով վերադառնալ երկիր՝ իրենց պատկանող հիմնարկներ և ընկերություններ:

Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր քաղաքացիներին, ովքեր՝ չնայած այս լարված իրավիճակին, մնում են հայրենիքում, և նրանց «իսկական հայրենասերներ» է անվանել: