Ալիևը շարունակում է պնդել, թե հայերը պղծել են ադրբեջանական սրբավայրերը

Ադրբեջանի նախագահը Աղդամում։

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Աղդամ արդեն երրորդ անգամ այցելող Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե իրենք միշտ ապրելու են այդ տարածքներում։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր կնքվի», - նախօրեին Աղդամ այցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ միևնույն ժամանակ մեղադրանքներ հնչեցնելով հայերի հասցեին ադրբեջանական սրբավայրերը պղծելու համար:

«Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի միջազգային իրավական նորմերի և սկզբունքների հիման վրա՝ փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչման պայմանով: Բայց ադրբեջանցի ժողովուրդը երբեք չպետք է մոռանա այս դաժանության մասին։ Ոչ ոք չպետք է մոռանա: Եվ վստահ եմ, որ այսօր տարվող աշխատանքները, այդ թվում բանակաշինության ոլորտում, ավելի կուժեղացնեն Ադրբեջանը՝ ի պատասխան Հայաստանում գլուխ բարձրացրած ռևանշիստական ուժերի», - ասել է նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն դեռ չի հստակեցրել՝ սահմանազատման հարցով առաջարկներից որն է իր համար անընդունելի․ Միրզոյան

Թեև և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի բարձր ղեկավարությունը պարբերաբար հայտարարում են խաղաղության շուրջ բանակցելու և պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին, այնուհանդերձ կողմերի միջև դեռևս մի շարք վիճահարույց հարցեր կան։ Մասնավորապես, Երևանն ու Բաքուն համաձայնության չեն եկել սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցում, հակասություններ ունեն նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ։

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Աղդամ արդեն երրորդ անգամ այցելող Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե իրենք միշտ ապրելու են այդ տարածքներում, և կոչ է արել ադրբեջանցի գործարարներին տեղում ներդրումներ անել: Ալիևը պատմել է Աղդամի վերակառուցման աշխատանքների, աղդամցիների վերադարձի և աշխատատեղերի ստեղծման ծրագրերի մասին՝ ընդգծելով, որ գործարարները պետք է ավանդ ունենան այս նախագծերում. - «Ես ադրբեջանցի գործարարներին կոչ եմ անում թող գան Աղդամ և ներդրումներ անեն այստեղ ու Ադրբեջանի ազատագրված մյուս տարածքներում: Քանի որ այսօր Ադրբեջանում գործարարության համար հրաշալի պայմաններ են ստեղծվել, և պետությունը ամեն կերպ աջակցում է գործարարներին»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աղդամում տեղի է ունեցել մի քանի կառույցների բացում

Ալիևն ընդգծել է, որ այս տարածքներում ենթակառուցվածքային նախագծերի իրագործմամբ բիզնեսի համար լավ հնարավորություն կստեղծվի: Նրա համոզմամբ, ադրբեջանցի գործարարները պետք է այստեղ ընկերություններ հիմնեն և աշխատատեղեր բացեն՝ այսպիսով վերականգնելով այդ շրջանները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը մտադիր է Աղդամի և Ֆիզուլիի շրջանում զարգացնել մրգագործությունը

Աղդամ այցի ընթացքում Ալիևը և նրա կինը մասնակցել են նաև հյուրանոցի հիմնարկեքի արարողությանը, որի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024 թվականի դեկտեմբերին: Այստեղ կկառուցվեն նաև 6 շենքից բաղկացած բնակելի թաղամաս և հիվանդանոց: Բացվել են նաև «Աղդամ 1» և «Աղդամ 2» էլեկտրակայանները՝ այսպիսով միացնելով այս շրջանի էներգամատակարարումը Ադրբեջանի ընդհանուր ցանցին: Անցած շաբաթ էլ Ալիևը հայտարարել էր, թե ծրագրում են Զանգեզուրի միջանցքով էլեկտրաէներգիա արտահանել դեպի Նախիջևան, այնտեղից՝ Իրան և Թուրքիա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն հստակեցնում է Երևանի հետ խաղաղության համաձայնագրի պայմանները

Աղդամում Ադրբեջանի առաջնորդը առիթը բաց չի թողել վերստին հայերին մեղադրելու ադրբեջանական մշակութային արժեքները ոչնչացնելու համար: Աղդամի Ջումա մզկիթի մոտ Ալիևը հայտարարել է, թե օկուպացիայի տարիներին հայերը ավերել են Աղդամի բոլոր կառույցները և մեծապես վնասել ու պղծել են այդ մզկիթը. - «Հայերը պղծել են այս մզկիթը, այստեղ կովեր, խոզեր են պահել: Նրանք անպատվել են ոչ միայն ադրբեջանցի ժողովրդին, այլև ողջ իսլամական աշխարհը: Այստեղ ոչ մի շենք կանգուն չի մնացել, բացի այս կիսաքանդ մզկիթից»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էմին Հուսեյնովը` Ղարաբաղի տնտեսական շրջաններում նախագահի հատուկ ներկայացուցիչ

Արցախի եկեղեցիներից հայկական հետքը հեռացելու Բաքվից հնչող հայտարարությունների ֆոնին Ալիևը նաև պնդել է, թե իրենք շարունակելու են աշխարհին ցույց տալ հայերի վանդալիզմը։

Ու մինչ կողմերը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում միմյանց մշակութային ժառանգությունը վնասելու համար, առայժմ անհայտ է, թե երբ տարածաշրջան կժամանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը։ Անցած շաբաթ պաշտոնական Երևանը հրատապ և առաջնահերթ էր համարել այդ այցը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը հրատապ է համարում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը ԼՂ հակամարտության գոտի