Սաակաշվիլիի ազգականները նրան բանտում կարող են տեսակցել միայն ամիսը մեկ անգամ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դատարանում, արխիվ

Ռուսթավիում գտնվող բանտի վարչակազմը վճռել է, որ Վրաստանի բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ազգականները նրան կարող են տեսակցել ամսական մեկ անգամ: Այդ մասին ասել է Սաակաշվիլիի փաստաբան Բեկա Բասիլայան:

«Բոլորը գիտեն, որ Սաակաշվիլիին զրկել են հեռախոսով օգտվելու հնարավորությունից, հիմա էլ հայտնի դարձավ, որ նրա մտերիմները նրան կարող են այցելել ամիսը մեկ անգամ, մինչ այդ թույլ էին տալիս երկու-երեք այցելություն»,- ասել է Բասիլայան:

Փաստաբանի համոզմամբ, Ռուսթավիի բանտի ադմինիստրացիան նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբՈւկրաինայի գլխավոր դատախազությունը Սաակաշվիլիին տուժող է ճանաչել «բանտում նրա նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի կապակցությամբ»:

Փաստաբանները մտադիր են կիրառել իրավական ամբողջ գործիքակազմը այցելությունները սահմանափակելու բանտի վարչակազմի որոշումը բողոքարկելու համար: