Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին վերջին օրերին հանդիպել է իրավապահ համակարգի ղեկավարներին, մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև խորհրդարանական ընդդիմությանը և քննարկել մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Թշնամանքը հենց ԱԱԾ-ն է հրահրում». եզդի իրավաշտպանն իրեն առաջադրված մեղադրանքի մասինԳլխավոր դատախազի հետ հանդիպմանն ԱՄՆ դեսպանն անդրադարձել է խոսքի ազատության և դատական համակարգի անկախության խնդիրներին։ Լին Թրեյսին, ըստ դեսպանատան թվիթերյան էջի, Արթուր Դավթյանի հետ քննարկել է նաև եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի դեմ քրեական հետապնդման հարցը։
Սուլթանյանը մեղադրվում է հայ ու եզդի ժողովուրդների միջև ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու մեջ։ Տեղական, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան կառույցները բազմիցս քննադատել են իշխանություններին Սուլթանյանին քրեական հետապնդման ենթարկելու համար։
Ուշագրավ է, որ ի տարբերություն ԱՄՆ դեսպանատան՝ դատախազությունը հանդիպումից հետո տարածած հաղորդագրության մեջ չի հիշատակել, որ անդրադարձ է կատարվել խոսքի ազատության, դատական համակարգի անկախության, ինչպես նաև Սաշիկ Սուլթանյանի գործին։ Դատախազությունն առանձնացրել է կոռուպցիայի դեմ պայքարի, ապօրինի գույքի բռնագանձման, մարդու իրավունքների պաշտպանության հարցերը։ Նշվում է նաև, որ դեսպանի կողմից բարձրացված առանձին իրավական հարցերի շուրջ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում: Մանրամասների մասին, սակայն, այսօր դատախազությունից չհաջողվեց տեղեկություն ստանալ։
Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված հարցերին, այդ թվում՝ իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանին ներկայացված մեղադրանքների մասին, դեսպանը խոսել է նաև մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։
Իսկ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանը դեսպան Թրեյսին ընդգծել է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ուղուն։ Դեսպանը լսել է երկրորդ նախագահի առաջնորդած քաղաքական ուժի պատգամավորների մտահոգությունները դատական և քաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ: Հանդիպմանը եղել են պատգամավորներ Էլինար Վարդանյանն ու Վահե Հակոբյանը, վերջինս հանդիպումից մանրամասներ ներկայացրեց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվեց«Մենք բարձրացրել ենք այն հարցերը, որոնք խիստ մեզ մտահոգում են, դա մեղմ եմ ասում։ Դա վերջին բռնաճնշումներն են, որ իրականացնում է իշխող ուժը թե՛ դատավոր Բախշիյանի կալանավորման վերաբերյալ, թե՛ առհասարակ մնացած մեր գործընկերների և ոչ միայն մեր գործընկերների ու անցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ենք խոսել, որ ով հաղթել է ու չի եղել իրենց թիմակիցը, անմիջապես հարուցվում են քրեական գործեր և կալանավորում են մարդիկ։ Ինչով համայնքները բերվում են կոլապսի», - ասաց Վահե Հակոբյանը։
Հակոբյանի խոսքով՝ հանդիպմանն իրենք ընդգծել են այս և այլ խնդիրների շուրջ միջազգային կառույցների լռության հարցը. «Մեր հիմնական խնդիրը դա է՝ ինչո՞ւ եք լռում։ Խոսքի ազատության ոտնահարման մասին ենք խոսել և էս վերջին փոփոխությունները, որ նախաձեռնում է իշխող ուժը և զոռով անցկացնում են նաև ԱԺ-ում, դա նույն հայհոյանքն է և առհասարակ խոսքի ազատության մասին»։
Խոսքը միայն իշխանական պատգամավորների ձայներով ընդունված ծանր վիրավորանքը քրեականացնելու օրենքի մասին է։ Օրերս հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն էր նաև իր մտահոգությունը ներկայացրել Հայաստանում խոսքի ազատ արտահայտման սահմանափակման մասին` կոչ անելով չեղարկել ծանր վիրավորանքը քրեականացնելու օրենքը:
Ընդդիմադիրների հետ հանդիպման մանրամասների վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն դեսպանատնից «Ազատությանը» ավելի ուշ կփոխանցեն։