Երկաթուղու կառուցումը կսկսվի, եթե պայմանավորվածություններն ամրագրվեն փաստաթղթով, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Արտաշես Թումանյանը:
«Ազատություն». - Լրանում է մեկ ամիսը, ինչ ձևավորվել է հանձնաժողովը, արդեն հասցրե՞լ եք, ինչպես ասում են, գետնի վրա աշխատել, գնահատել հնարավորությունները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու աշխատանքների իրականացման համար հատուկ խումբ է ստեղծվել
Թումանյան.- Վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է կամ արդեն զբաղվում է երկաթուղու հայտնի հատվածի հայաստանյան տեղամասերի վերականգնման աշխատանքներ կառավարմամբ՝ Երասխի 1 կմ-ից ավելի հատվածը և Մեղրիի 45 կմ երկարությամբ հատվածը: Աշխատանքային խումբը սկսել է աշխատել: Երկուշաբթի անելու ենք երրորդ նիստը:
Մոտ երկու շաբաթից, միգուցե 10 օրից, մասնագիտական խումբ կգործուղվի երկաթուղու երկու հատվածները, հատկապես Մեղրիի հատվածն է այդ իմաստով խնդրահարույց, տեղում ինստրումենտալ գործիքային մանրամասն հետազոտություն անելու:
«Ազատություն». - Վարչապետն օրերս հայտարարեց, որ այս պայմանավորվածությունները պետք է թղթին հանձնվեն, խոսքը ինչ-որ համաձայնագրի ստորագրման մասի՞ն է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հաջողվել է համաձայնության հասնել երկաթգծի, բայց ոչ ավտոմոբիլային հաղորդակցությունը բացելու հարցում
Թումանյան.- Բարձր կարգի համաձայնություններ կան, Սոչիում եղավ եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, որտեղ հայտարարվեց այս մոտեցումների մասին, հետագայում փոխվարչապետերը երեք երկրների Մոսկվայում հավաքվեցին, բավականին օպտիմիստական հայտարարություն եղել: Հետագայում Շառլ Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում հանդիպում եղավ, և այնտեղ հայտարարվեց, որ ապաշրջափակման հետ կապված հարցերը քննարկվել են ու երկաթուղու ծրագիրն այն ծրագիրն է, որի շուրջ մաքսիմալ փոխըմբռնում կա: Բայց այսպիսի ծավալի աշխատանքներ սկսել հայկական կողմի համար ընդունելի է, եթե ամրագրվեն դրանք փաստաթղթային որևէ ֆորմատով:
«Ազատություն». - Դա ենթադրաբար երկկողմանի ինչ-որ համաձայնագի՞ր է:
Թումանյան. - Երկկողմանի, որևէ երրորդ կողմ էլ կարող է լինել, բայց առնվազն երկու կողմերը պետք է պարտավորվեն անել, որովհետև այդ ենթակառույցները պետք է հետո միանան, պետք է միանան, միասին պետք է աշխատեն: Այսինքն՝ համագործակցության և համատեղ աշխատանքի տիրույթներ էլ կան:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.