Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը գլխավոր դատախազի հետ հանդիպմանը կարևորել է խոսքի ազատության նկատմամբ հարգանքը: Օրերս հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն էր նաև իր մտահոգությունը ներկայացրել Հայաստանում խոսքի ազատ արտահայտման սահմանափկման մասին` կոչ անելով չեղարկել ծանր վիրավորանքը քրեականացնելու օրենքը:
ԱՄՆ դեսպանը, ըստ դեսպանատան թվիթերյան էջի, Արթուր Դավթյանի հետ զրույցում անդրադարձել է նաև եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործին։
Իրավապաշտպան Սուլթանյանը մեղադրվում է հայ ու եզդի ժողովուրդների միջև ազգային թշնամանք հարուցելու համար: Մինչդեռ նրա փաստաբանը կասկած չունի՝ քրեական հետապնդումը Սուլթանյանի իրավապաշտպան գործունեության հետ է կապված: «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահի դեմ քրեական հետապնդումը նաև միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում է:
Լին Թրեյսին, ըստ դեսպանատան հաղորդագրության, նաև շեշտել է դատական անկախության և անձեռնմխելիության կարևորությունը:
Հանդիպման մասին երեկ հաղորդել էր նաև գլխավոր դատախազությունը` հղում անելով դեսպանի կողմից բարձրացված հարցերին։ Պաշտոնական հաղորդագրությունը միայն նշել էր, թե «տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում Լին Թրեյսիի կողմից բարձրացված առանձին իրավական հարցերի շուրջ, և որ դեսպանը փոխանցել է ԱՄՆ վարչակազմի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերի ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում ՀՀ իրավասու մարմինների գործադրած ջանքերին» :
Ըստ Գլխավոր դատախազության, Արթուր Դավթյանն իր հերթին հավաստիացրել է, որ իր ղեկավարած կառույցը հետևողական է կոռուպցիայի դեմ պայքարում, հատկապես՝ պետությունից հափշտակված և դուրս բերված ակտիվները Հայաստան վերադարձնելու հարցում: