Հայաստանի օրակարգում Միութենական պետության հարց չկա․ ԱԽ քարտուղար

Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա, այսօր կառավարության նիստից հետ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ լրագրողների խնդրանքով անդրադառնալով Բելառուսի նախագահի աղմկահարույց հայտարարությանը։

«Եթե նման հարց չկա, իմ դիրքորոշումը այն է, որ Հայաստանը սուվերեն պետություն է, ժողովրդավար պետություն է և պետք է շարունակի մնալ էդպիսին», - ասաց ԱԽ քարտուղարը՝ հույս հայտնելով, որ Մինսկը կխուսափի նման միջադեպերից և Հայաստանի վերաբերյալ գնահատականներից։

«Այդ գնահատականները որևիցե ձև չեն բխում Հայաստանի և Բելառուսի միջև գոյություն ունեցող հարաբերություններից», - ասաց Գրիգորյանը։

Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ասել է, թե առաջիկա 15 տարիներին Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած Միութենական պետության կազմում կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը՝ նշելով նաև Հայաստանի անունը։ «Հայաստանը փախչելու տեղ չունի», - ասել է Լուկաշենկոն։

Պաշտոնական Երևանն արձագանքել է՝ հայտարարելով՝ Լուկաշենկոյի վերլուծությունները առնչություն չունեն ՀՀ-ի և նրա արտաքին քաղաքականության հետ։ Հայաստանում Բելառուսի դեսպանն Ալեքսանդր Կոնյուկն էլ եղել է արտգործնախարարությունում։

«ՀՀ-ն պահանջել է անվտանգության բարձրացման շուրջ Սոչիի պայմանավորվածությունների իրագործում»

ԱԽ քարտուղարն այսօր անդրադարձավ նաև Բաքվից պարբերաբար հնչող հայտարարություններին, թե «սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի աշխատանքները սկսելու համար Հայաստանը որոշ նախապայմաններ է առաջ քաշել», որոնք Բաքվի համար «անընդունելի են»՝ այդպես էլ չհստակեցնելով, թե ինչ նախապայմանների մասին է խոսքը։

Գրիգորյանն այսօր ասաց՝ Հայաստանը երբեք դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցում նախապայմաններ առաջ չի քաշել, պարզապես պահանջել է, որպեսզի անվտանգության բարձրացման շուրջ Սոչիի բոլոր պայմանավորվածությունները իրագործեն։

«Հայաստանը երբեք դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցում նախապայմաններ չի առաջ քաշել։ Հայաստանը պարզապես պահանջել է որպեսզի բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք եղել են Սոչիում անցած տարի նոյեմբերի 26-ին և հայտարարության մեջ այդ պայմանավորվածությունները նշված են՝ անվտանգության բարձրացման շուրջ քայլեր ձեռնարկել, այնուհետև սկսել դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց, Հայաստանը ցանկանում է, որ այդ պայմանավորվածությունն իրագործեն։ Բացի դրանից, մի կարևոր հանգամանք կա, երբ որ ՀՀ-ի Ադրբեջանի զինված ուժերը շատ մոտ կանգնած են իրար, ապա ցանկացած քաղաքական գործընթաց կարող է ազդել այդ միջավայրի վրա և սրացումներ լինեն։ Հայաստանն առաջարկում է, որ զորքերը հայելային հետ քաշվեն, անտեղ տեղակայվեն սահմանապահ զորքեր, որպեսզի կարողանանք սահմանազատման և սահմանագծման գործխընթացը հանգիստ անցել, և այստեղ չի կարող որևէ նախապայմանի ընկալում նույնիսկ լինել», - ասաց Գրիգորյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն դեռ չի հստակեցրել՝ սահմանազատման հարցով առաջարկներից որն է անընդունելի․ Միրզոյան