Ջոնսոնն այսօր մեկնում է Բրյուսել և Վարշավա

Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը հանդիպում է Էստոնիայում տեղակայված բրիտանացի զինծառայողների հետ, արխիվ

Մեծ Բրիտանիայի իշխանությունները հազար զինծառայողի հրամայել են պատրաստվել աջակցություն ցուցաբերելու Ուկրաինայի դեմ Ռուսաստանի որևէ ագրեսիայի հետևանքով հնարավոր հումանիտար ճգնաժամի դեպքում: Համապատասխան հրամանն ընդունվել է վարչապետ Բորիս Ջոնսոնի ՆԱՏՕ-ի կենտրոնակայան և Լեհաստան այցերի նախօրեին։

Ջոնսոնը այսօր կմեկնի Բրյուսել և Վարշավա՝ ընդգծելու ՆԱՏՕ-ի սկզբունքներին խստորեն հետևելու անհրաժեշտությունը և դաշնակիցների հետ քննարկելու, թե ինչ ռազմական աջակցություն կարող է ցուցաբերել Միացյալ Թագավորությունը, երբ Ռուսաստանը զորքեր է կուտակում Ուկրաինայի հետ սահմանի մոտ:

Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը երեկ ժամանել է Մոսկվա՝ բանակցություններ վարելու Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: Եվրոպացի առաջնորդները փորձում են մեղմել Ուկրաինայի մերձակայքում ռուսական զորքերի կուտակման հետևանքով առաջացած ճգնաժամը: