Վիեննայում վերսկսվել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները Վիեննայում, արխիվ

Տասնօրյա դադարից հետո Վիեննայում նախօրեին վերսկսվեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։

ՄԱԿ-ի Վիեննայի կենտրոնակայանում Իրանի մշտական ներկայացուցչության տարածած հաղորդագրության համաձայն՝ բանակցությունների նոր փուլի ամենասկզբում Թեհրանի միջուկային հարցերով հատուկ բանագնաց, փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին առանձին հանդիպում է անցկացրել Եվրամիության Արտաքին հարաբերությունների գրասենյակի փոխտնօրեն Էնրիկե Մորայի հետ։ Բանակցությունների մեկնարկից մի քանի ժամ առաջ եվրոպացի պաշտոնյան Twitter-ում գրել էր․ - «Միջուկային համաձայնագրի ամբողջական վերականգնման համար մեզ անհրաժեշտ է փոխզիջումների ոգին»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր Վիեննայում վերսկսվում են Իրանի հարցով բանակցությունները

Բայց եթե ԵՄ ներկայացուցիչները հակված են փոխզիջումների, ապա բանակցող երկու առանցքային կողմերը՝ Թեհրանն ու Վաշինգտոնը, շարունակում են բավական կոշտ դիրքերում մնալ։ Ամերիկյան որոշ շրջանակներ, օրինակ, լուրջ կասկածներ ունեն, որ Իրանը միտումնավոր կերպով է ձգձգում բանակցությունները՝ ուրանի հարստացման ծավալները է՛լ ավելի մեծացնելու և ի վերջո միջուկային զենքի ստեղծման իրական տեխնոլոգիական կարողություններ ձեռք բերելու համար։ Իրանի իշխանությունները, իրենց հերթին, պնդում են, որ ամերիկյան կողմը չի ցանկանում անդրադառնալ իսլամական հանրապետության դեմ սահմանված պատժամիջոցների ամբողջական վերացման հնարավորությանը։ Նման գործելաոճը, ըստ պաշտոնական Թեհրանի, նախևառաջ վնասում է հենց իրենց՝ ամերիկացիներին։

«Ամերիկյան երկու նախագահները՝ գործողն ու նրա նախորդը, ձեռք ձեռքի տված խաթարում են Միացյալ Նահանգների վարկը՝ յուրաքանչյուրն իր ձևով», - նախօրեին զինված ուժերի սպայակազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարում էր Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին զինված ուժերի սպայակազմի հետ հանդիպման ժամանակ, Թեհրան, 8-ը փետրվարի, 2022թ․

Երեքշաբթի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Վիեննայում կայացել է իրանական և ռուսաստանյան պատվիրակությունների հանդիպումը։ Բանակցությունների այս մի փուլն ուշագրավ է նրանով, որ միջուկային համաձայնագրի շուրջ Մոսկվայի հատուկ բանագնաց Միխայիլ Ուլյանովն արդեն իսկ այս գործընթացի գլխավոր լավատեսի համբավն է ձեռք բերել։ Դեռ ամռանը Ուլյանովը հայտարարում էր, որ միջազգային հանրության և Իրանի միջև առկա վիճահարույց խնդիրների 90 տոկոսի լուծումները հնարավոր է եղել գտնել։ Այս շաբաթ էլ «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ռուսաստանցի դիվանագետը պնդում էր, որ բանակցությունները մոտեցել են եզրագծին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թեհրանը Վաշինգտոնին հորդորում է չեղարկել պատժամիջոցները և հնարավոր դարձնել 2015-ի պայմանագրի վերականգնումը

«Բանակցությունների ներկա փուլը կարելի է եզրափակիչ անվանել։ Կողմերը բավական մեծ ճանապարհ են անցել, արդեն իսկ առկա է ամփոփիչ փաստաթղթի նախագիծը։ Կան մի քանի կետեր, որոնց շուրջ պետք է հավելյալ աշխատանք տանել, սակայն փաստաթուղթն արդեն բանակցային սեղանին է և այն բավական ծավալուն է՝ շուրջ 20 էջ», - նշում էր ռուսաստանյան պատվիրակության ղեկավարը՝ հատուկ ընդգծելով,որ ցանկության դեպքում բանակցությունները կարելի է ավարտել արդեն այս ամիս։

Դրա հետ մեկտեղ, Ուլյանովը չի բացառում, որ կողմերից որևէ մեկի մոտ նյարդերը կարող են տեղի տալ։ Խոսքը բանակցությունների, դիվանագետի բնութագրմամբ, ամենազգայուն հարցի՝ Իրանի կողմից ուրանի շարունակվող հարստացման մասին է, ինչն, ի դեպ, 2015 թվականի համաձայնագրի ուղղակի խախտում է։ «Այս զգայուն հարցերի շուրջ բանակցություններում նյարդայնությունը զգացվում է։ Դա նշանակում է, որ կողմերից որևէ մեկի մոտ ինչ-որ պահի նյարդերը կարող են տեղի տալ, և այն կարող է դիմել անխոհեմ քայլերի», - նշում է ռուսաստանցի դիվանագետը։