Նորանշանակ փոխքաղաքապետերը կոռեկտ չեն համարում Տիգրան Ավինյանի «կադրը» լինելու մեկնաբանությունները

Նորանշանակ փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանն այսօրվանից Երևանի քաղաքապետարանի առողջապահության, սպորտի և երիտասարդության ոլորտները կհամակարգի, Արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանն՝ առևտրի, գովազդի և իրավական, իսկ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի նախկին տնօրեն Ստեփան Մաչյանին վստահվել է ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտների ղեկավարումը։

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը նախօրեին «Ազատությանը» փոխանցել էր՝ փոխքաղաքապետի երեք թեկնածուներն էլ կիսում են իշխող ուժի տեսակետները, և նաև այդ պատճառով է ընտրությունը նրանց վրա կանգ առել։

Երկու ամիս առաջ` Հայկ Մարությանին անվստահություն հայտնելուց հետո, քաղաքապետի պաշտոնը ստանձնած Հրաչյա Սարգսյանն ավագանու այսօրվա նիստում ընդգծեց, թե նշված բոլոր ոլորտներում կուտակված խնդիրներ կան, վստահ է՝ իր նոր տեղակալների հետ կկարողանան դրանք լուծել։

«Կարծում եմ, որ շատ լավ թիմ է ձևավորվում, բովանդակային թիմ է ձևավորվում, քանի որ եթե կարմիր գծով նայում ենք, իմ բոլոր տեղակալները և՛ մասնավոր հատվածում փորձ ունեն, և՛ պետական, հանրային հատվածում փորձ ունեն, որը, կարծում եմ, մեզ ավելի ուժեղ է դարձնելու», - նշեց նա:

Տևական ժամանակ է, ինչ մամուլը գրում է, թե քաղաքապետի նորանշանակ տեղակալները նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի «կադրերն են», և որ Երևանի ավագանու հաջորդ ընտրություններում սպասվում է հենց Ավինյանի առաջադրումը քաղաքապետի պաշտոնում։ Կապ հաստատեցինք նախկին փոխվարչապետի հետ, մամուլում շրջանառվող այս լուրերին չարձագանքեց։

«Իսկ ի՞նչ հարաբերություններ ունեք նորանշանակ փոխքաղաքապետերի հետ», հարցին էլ կարճ պատասխանեց. «Նրանց հետ աշխատել եմ, ու իմ գնահատմամբ՝ արդյունավետ կաշխատեն»։

Մասնագիտությամբ իրավաբան, արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանը վիրավորական համարեց այս կամ այն մարդու «կադր» արտահայտությունը, ասաց՝ պատրաստ է իր կուտակած փորձը լավագույնս կիրառել նաև նոր աշխատանքում. «2018 թվականից, իսկ փաստացի ավելի շուտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ եմ, դժվար է պատկերացնել, որ պարոն Ավինյանին չճանաչեմ: Շատ լավ հարաբերություններ ունենք, ինչպես կուսակցության մեր շատ այլ անդամների հետ: Ես առհասարակ կարծում եմ, որ մեր բառամթերքից պետք է այս մարդու «կադր», այն մարդու «կադր» դուրս գա, նկարահանման դեպքում է կադր լինում: Մարդկանց դեպքում, ես կարծում եմ, շատ վիրավորական է առհասարակ նման ձևակերպումը»:

Հանրային առողջության մասնագետ Գևորգ Սիմոնյանն ամբողջությամբ համաձայնեց Գրիգորյանի հետ` ընդգծելով՝ ընդունել է առաջարկը, որովհետև կարծում է, որ անելիք ունի հատկապես երևանյան պոլիկլինիկաների աշխատանքը բարելավելու հարցում։ Իսկ թե ինչո՞ւ ավելի լայն հնարավորություններով իր նախկին աշխատանքը Առողջապահության նախարարությունում թողեց ու լիազորությունների ավելի նեղ շրջանակով պաշտոնին համաձայնեց, ասաց՝ այստեղ ավելի շատ խնդիրներ կան:

«Մասնագիտական շատ մեծ մարտահրավեր տեսա դրա մեջ, դրա համար ընդունեցի: Քաղաքապետարանի ենթակայության գերակշիռ մասը առաջնային օղակն է, հենց առաջնային օղակում էլ խնդիրները տեսել եմ», - հավելեց նա:

Վերջերս «Հետք» պարբերականը ծավալուն հոդված էր հրապարակել, ըստ որի՝ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Մաչյանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և նրա նախկին խորհրդական Դավիթ Մանուկյանի ընկերն է։ Բացի այդ, Ստեփան Մաչյանն, ըստ նույն հոդվածի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանի քրոջ ամուսնու եղբայրն է։ «Ազատության» հետ զրույցում Մաչյանը պնդեց, թե Ավինյանին ճանաչում է գործի բերումով: Իր կենսագրությունը ներկայացնելիս նշեց, որ աշխատել է Սոցապնախարարությունում, երբ նախարարը Զարուհի Բաթոյանն էր:

«Պարոն Ավինյանի հետ ես ծանոթացել եմ պետական համակարգի աշխատանքի շրջանակներում: Մենք մինչև այդ ծանոթ չենք եղել, չնայած միմյանց հեռակա ճանաչել ենք, ու կարծում եմ` տվյալ մեկնաբանությունները` այս մարդու «մարդն է» կամ ոչ, տեղին չեն», - շեշտեց նա:

Նորանշանակ փոխքաղաքապետերին դիմեց ընդդիմադիր «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը, հարցրեց՝ ինչո՞ւ ավագանու ընդդիմադիր խմբակցությունների հետ նույնպես չեն հանդիպել. «Եթե հանդիպել եք «Իմ քայլը» խմբակցության հետ, իսկ դուք հանդիպել եք, որովհետև ամբողջ մամուլը ողողված էր այդ նյութով: Հարկ չհամարեցի՞ք, պե՞տք չէին ձեզ մեր քվեարկության ձայները: Այս խմբակցությունը շարունակում է մնալ сам себе режиссер»:

Վարդանյանի հարցին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պատասխանեց. «Կազմակերպչական առումով երևի իմ բացթողումն է եղել, և կարծում եմ` մեր գործընկերները որպես հյուր էին, և այդ կազմակերպչական հարցերը մենք պետք է իրականացնեինք»:

Հայկ Մարությանի հեռանալուց հետո «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանն էլ քաղաքապետի առաջին տեղակալ էր նշանակվել: Նա քաղաքապետարանի ֆինանսական, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներն է համակարգում։ Իշխող ուժի կողմից Մարությանին անվստահություն հայտնելուց հետո ազատման դիմումներ էին գրել փոխքաղաքապետեր Սերգեյ Հարությունյանը, Սերգեյ Ներսեսյանն ու Գայանե Մելքոմ Մելքոմյանը։