Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտում է Բաքվի վերահսկողության ներքո հայտնված հայկական կրոնական և պատմամշակութային կոթողների ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու Ադրբեջանի իշխանությունների որոշումը:
Արտգործնախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանի խոսքով` «այն ևս մեկ անգամ վկայում է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և հաջորդած ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ վանդալիզմի և ոչնչացման դեպքերը կրում են միտումնավոր ու ծրագրված բնույթ և Լեռնային Ղարաբաղն իր բնիկ հայ բնակչությունից զրկելու քաղաքականության մաս են կազմում»։
Ընդգծելով, որ հրատապ է միջազգային հանրության, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ միջամտությունը՝ ԱԳՆ ներկայացուցիչը եզրափակում է՝ նման քաղաքականությունը հակասում է հաշտության հասնելու Ադրբեջանի հայտարարություններին և լուրջ խոչընդոտներ է ստեղծում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար:
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Բաքվի նպատակն ակնհայտ է՝ հայկական պատմական հողերը ներկայացնել որպես այլ ժողովուրդների տարածք։
Սրբազանը դժգոհ էր Հայաստանի իշխանությունների քայլերից. «Պասիվ կեցվածք, որը ըստ իս` շատ դատապարտելի է, և եթե մենք` որպես եկեղեցի, անշուշտ, մեր ձայնն ունենք, մեր ձայնը բարձրացնում ենք, բայց մենք տեսնում ենք, որ դա քիչ է, մենք միայն խոսում ենք, բայց գործ չենք անում: Եկեղեցուն թողել են մենակ, միայն լրատվական այց բարձունքից են խոսում, լուրջ մոտեցում չկա պետական լուրջ խողովակներով, դիվանագիտական, կամ լուրջ պետական մակարդակով պահանջատիրական ոչ մի կեցվածք չկա»:
Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե տեղի ու միջազգային փորձագետներից աշխատանքային խումբ է ստեղծվում, որն այցելելու է հայացված աղվանական հուշարձաններ՝ ընդգծելով. «Հայերը հետքեր են թողել մեր հուշարձանների վրա, որի վերաբերյալ այժմ մենք ապացույցներ ենք հավաքում»։
Քերիմովի ջանքերին նախորդել էր Ադրբեջանի նախագահի հայտարարությունը։ Անցած տարվա մարտին այցելելով Հադրութի շրջանում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ Իլհամ Ալիևն ասել էր. «Հայերը ինչպես պղծել են մեր մզկիթները, այնպես էլ հին աղվանական տաճարներն են պղծել: Բայց մենք կվերականգնենք։ Այս բոլոր գրությունները կեղծ են, ավելի ուշ ավելացված գրություններ են»։
Ադրբեջանի նախաձեռնությանը անդրադարձել է նաև պաշտոնական Վաշինգտոնը։ Միացյալ Նահանգների կառավարության մաս հանդիսացող Կրոնական ազատությունների հարցերով հանձնաժողովի ղեկավար Նադին Մաենզան Twitter-ում գրել է. «Մենք խորապես մտահոգված ենք եկեղեցիներից Հայ Առաքելական արձանագրությունները հեռացնելու Ադրբեջանի ծրագրերով: Կոչ ենք անում կառավարությանը պահպանել և պաշտպանել պաշտամունքի վայրերն ու այլ կրոնական, մշակութային կառույցները»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը գործնական քայլեր է անում` Ղարաբաղի հուշարձաններից հայկական հետքը ջնջելու համար, ահազանգում են Արցախից44-օրյա պատերազմին հաջորդած ամիսների ընթացքում արդեն հաղորդվել է Թալիշի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց հայկական հետքը վերացնելու, իսկ Հադրութի Սպիտակ խաչ եկեղեցուց խաչը հանելու մասին։
Այս ամենը տեղի է ունենում Ռուսաստանի նախագահի հայտնի հայտարարության ֆոնին։ Զինադադարից օրեր անց՝ 2020թ. նոյեմբերի 14-ին Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ, Վլադիմիր Պուտինը, ըստ Կրեմլի պաշտոնական կայքէջի, ուշադրություն է դարձրել, որ Ադրբեջանին անցած տարածքներում քրիստոնեական տաճարներ, վանքեր են, և «այդ կապակցությամբ նա ընդգծել է այդ սրբավայրերի պահպանության և եկեղեցական կենսագործունեության ապահովման կարևորությունը։ Այդ առումով Ադրբեջանի նախագահն ըմբռնում դրսևորեց և ասաց, որ ադրբեջանական կողմը կգործի հենց նման կերպ»։
Արդեն տասը ամիս է` ուխտավորներին արգելված է այցելել Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած և ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող Դադիվանք, ուր մի քանի հայ հոգևորականներ շարունակում են իրենց ծառայությունը։
Ռուսաստանի ՊՆ-ն իր կայքէջում տեղադրեց, հետո ջնջեց Դադիվանքի հայկական լինելու մասին տեղեկությունը
Էլ ավելի ուշագրավ է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում այսօր տեղի ունեցածը։ Օրվա առաջին կեսին հաղորդելով, որ որպես էքսկուրսիա Դադիվանք է այցելել ռուս խաղաղապահների մի խումբ, այնուհետև նշված էր, որ «12-13-րդ դարերի Դադիվանք վանքը միջնադարյան Հայաստանի խոշորագույն վանական համալիրներից մեկն է», արդեն օրվա ավարտին Դադիվանքի հայկական լինելու հատվածը ջնջվեց Ռուսաստանի ռազմական գերատեսչության կայքէջից։
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքով` Աղվանքի մասին հիշատակումները Ադրբեջանում սկսվեցին Խորհրդային Միության ժամանակ, երբ Մոսկվայից եկած հրահանգների համաձայն` քաղաքականություն էր տարվում Ադրբեջանին առանձնացնել թուրքական ինքնությունից՝ նրան հաղորդելով կովկասյան ինքնություն։
«Կովկասյան ինքնության համար տերմին էր փնտրվում, և ընտրվեց տերմին և մշակութային ժառանգորդում, և ընտրվեց Կովկասյան Աղվանքը: Ադրբեջանի պատմագրությունը սկսեց զարգանալ այն սկզբունքով, որ ադրբեջանական էթնոսի ձևավորման հիմքում Կովկասյան Աղվանքի ժողովուրդներն են: Սրան, ցավոք, շատ քիչ են անդրադառնում թե՛ մասնագետները, թե՛ առավել ևս զանգվածային դաշտը, բայց սա էր այն հիմքը, որով սկսվեց Կովկասյան Աղվանքի կապն Ադրբեջանի պատմության, պատմագրության և ադրբեջանական ինքնության հետ», - նկատեց Խառատյանը:
Մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության հարցը օրկարգում էր չորս օր առաջ կայացած Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների ու Եվրոպական խորհրդի նախագահի տեսակոնֆերանսի ժամանակ, որի ընթացքում, ըստ «Ազատության» աղբյուրի, Բրյուսելը պատրաստակամություն է հայտնել աջակցել ՅՈւՆԵՍԿՕ-ի գնահատողական առաքելության տեղակայմանը Հայաստանում և Ադրբեջանում։
Ըստ տեսակոնֆերանսի մասին պաշտոնական Բաքվի հաղորդագրության` կողմերը համաձայնել են ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկել Հայաստան և Ադրբեջան։
Արտգործնախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ Հայաստանը սատարում է առաքելության՝ հնարավորինս արագ կյանքի կոչմանը, սակայն կոնկրետ ժամկետներ ու պայմանավորվածություն այս պահի դրությամբ չկան։