Չնայած տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների շարունակական քննադատությանը, իշխող կուսակցությունը կրկին պնդում է, թե ծանր վիրավորանքը քրեականացնելու օրենքը զսպող դեր ունի։ Օրերս հեղինակավոր Freedom House-ն էր վերստին կոչ արել չեղարկել օրենքը, երբ դատարանը կայացրել էր իշխանականների հեղինակած հոդվածով առաջին դատավճիռը։
Ըստ իրավապաշտպան կազմակեպության՝ օրենքը խոսում է Հայաստանում ժողովրդավարական նորմերի հստակ քայքայման մասին և սահմանափակող ազդեցություն է ունենում խոսքի ազատ արտահայտման վրա։
Մինչդեռ ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագրից» Վլադիմիր Վարդանյանը հակադարձում է՝ անձի արժանապատվությունը նվաստացնելը ժողովրդավարության հետ կապ չունի. «Մենք պետք է հասկանանք, որ խոսքի ազատությունն ունի սահմանափակումներ, մենք պետք է հասկանանք, որ կան նաև այնպիսի արտահայտություններ, որոնք բացարձակապես չեն ընկնում խոսքի ազատության սահմանված օրինաչափ, իրավաչափ սահմանների ներքո, և հայհոյանքը հաստատ դրա մեջ չէ, նույնիսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայհոյանք տված մարդուն պաշտպանություն չի տրամադրել»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Freedom House-ը մտահոգություն է հայտնում Փաշինյանին վիրավորելու համար Facebook-ի օգտատիրոջ դեմ քրեական գործի առնչությամբԱնձին ծանր վիրավորանք հասցնելը՝ նույնն է թե հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, ըստ այս օրենքի, կարող է պատժվել 100 հազարից կես միլիոն դրամի տուգանքով։ Եթե հայհոյանքը հրապարակային է եղել, կամ արվել է համացանցով, կամ եղել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, տուգանքը կկազմի կես միլիոնից մեկ միլիոն դրամ, իսկ եթե միևնույն անձի նկատմամբ և պարբերաբար է տեղի ունեցել, ապա պատիժը 1-3 միլիոն դրամի տուգանքն է կամ կալանքը 1-3 ամիս ժամկետով:
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն առաջին անգամ չէ, որ լուրջ խնդիրներ է տեսնում այս օրենքում։ Այս անգամ պատճառը առաջին դատավճիռն է` վարչապետ Նիկոլ Փաշինյանին սեռական բնույթի վիրավորանք հասցրած քաղաքացին տուգանվել է կես միլիոն դրամով։
Freedom House-ի հայկական ծրագրի համակարգող Անդրանիկ Շիրինյանն ընդգծում է՝ արձանագրել է, որ օրենքը կոպտորեն խախտում է Հայաստանի Սահմանադրությամբ հաստատված սկզբունքները, երկրի հանձնառությունները՝ ԵԱՀԿ-ի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակներում։ Մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ օրենքը հավելյալ պաշտպանություն է նախատեսում պաշտոնյաների նկատմամբ։
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով ևս սահմանված է, որ հանրային ծառայողներն իրենք իրենցով արդեն ավելի շատ քննադատություն պետք է ստանան, և սա ՄԻԵԴ-ի նախադեպային գործերից է», - ասաց նա:
Իրավապաշտպան կազմակերպությունը նաև նկատում է, որ օրենքի ընդունումից ընդամենը կես տարի անց արդեն ավելի քան 260 քրեական գործ է հարուցվել։
Օրենքի համահեղինակ Վլադիմիր Վարդանյանը կարծում է, որ դատարանները կբալանսավորեն իրավիճակը՝ տարբերակելով` որն էր այս դեպքերից տուգանքի արժանի վիրավորանքը. «Խնդիրը հետևյալի մեջ է. դատարանները պարտավոր են նեղ ընկալմամբ և կոնվենցիոն, այսինքն` 10-րդ հոդվածի, 8-րդ հոդվածի համադրմամբ, անձնական կյանքի և խոսքի ազատության միջև բալանսը գտնելով իրականացնեն արդարադատություն»:
Օրերս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն էր բանաձև ընդունել՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին ապաքրեականացնել ծանր վիրավորանքի մասին օրենքը։
Իշխանությունը, սակայն, կարծես թե նման ծրագիր չունի։ Արդարադատության նորանշանակ փոխնախարար Գրիգոր Մինասյանը միայն փոխանեց՝ միջազգային գործընկերների խորհուրդները լսելի են, այլ մոտեցումներ դեռևս չկան. «Կա խնդիր, և այդ խնդիրը պետք է լուծվեր, և այժմ սա է լուծումը, որպեսզի նման դրսևորումներ մեր երկրում չլինեն»:
Freedom House-ի հայկական ծրագրի համակարգողը հակադարձում է՝ ծանր վիրավորանքը քրեականացնելով հասարակության բևեռացման խնդիրը չի լուծվում. «Եթե մենք ցանկանում ենք, որ Հայաստանում վերանա վիրավորանքի մշակույթը, մենք պետք է մշակույթը և կրթությունը փոխելուց, այսինքն` մենք պետք է փոխենք այն միջավայրը և այն պայմանները, որոնք առաջացնում են այս վիրավորանքի կամ իրար հայհոյելու մշակույթը, և ընդհանրապես դրանք քրեականացնելով` մենք խնդիրը չենք լուծելու»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵԽԽՎ-ն հորդորում է Հայաստանի իշխանություններին ապաքրեականացնել «ծանր վիրավորանքը»Տևական ժամանակ օրենքից բողոքում են նաև տեղական լրագրողական կազմակերպությունները՝ հիշեցնելով՝ վիրավորանքը Հայաստանում ապաքրեականացվել էր դեռ 2010 թվականին։ Պնդում են՝ սա հետընթաց է, քանի որ օրենքը վտանգում է առհասարակ քննադատությունը։ Մասնագետների դիտարկմամբ՝ օրենքում նաև հստակ գրված չեն «ծանր վիրավորանք» և «հայհոյանք» հասկացությունների սահմանումները, մինչդեռ մարդու իրավունքներին առնչվող օրենքները ձևակերպումների մեջ անորոշություններ չպետք է ունենան։