Կարմիր խաչի միջազգային կոմիտեից (ԿԽՄԿ) առայժմ հրաժարվում են մեկնաբանել՝ արդյոք կազմակերպությունը շարունակելո՞ւ է իր աշխատանքն Արցախում, թե՝ ոչ։
Կազմակերպության Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, անդրադառնալով հարցին, «Ազատությանն» ասաց, որ կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակն այս պահի դրությամբ ամբողջ ծավալով աշխատում է, շարունակում են աջակցել հակամարտությունից տուժած բնակիչներին։
«Ինչ վերաբերում է հետագային, այս պահին որևէ մեկնաբանություն չենք կարող անել։ Կարող ենք փաստել, որ գրասենյակն աշխատում է էր պլանավորած ծրագրերով», - տեղեկացրեց Ամատունին:
Կարմիր խաչի Հայաստանի գրասենյակից չեն մեկնաբանում նաև, թե ինչպես էեն սահմանափակվում գրասենյակի աշխատանքն Արցախում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կարմիր խաչը կմնա՞ Արցախում, թե՝ ոչ. առայժմ պաշտոնապես չի հստակեցվումՈր Բաքուն Լեռնային Ղարաբաղում փորձում է խոչընդոտել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքները, հայտնի դարձավ օրերս։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքն է ցանկանում խաթարել, ըստ էության, սահմանափակվում է կազմակերպության մուտքն ու ելքը Արցախ։ Նույն օրը պաշտոնական Բաքուն էլ փաստացի չէր հերքել Երևանից հնչող հայտարարությունը։
«Տեսնելով մարդկանց կարիքները, հատկապես այս վերջին շրջանում ավելացած կարիքները կարևորում ենք մարդասիրական աշխատանքի դերը, և այդ աշխատանքի մեջ մեր ներկայությունը էլ ավելի արդիական է։ Եվ, բնականաբար, ցանկացած խոչընդոտ, որ կարող է ստեղծվել, միայն ցավալի է։ Այս պահի դրությամբ այն, ինչ քննարկվում է քաղաքական դաշտում, մենք որպես մարդասիրական կազմակերպություն, զերծ ենք մնում մեկնաբանել», - ասաց ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավարը՝ շեշտելով՝ կոմիտեն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղի առաքելությունը կշարունակի մարդասիրական աշխատանքը հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար, ինչպես վերջին 30 տարիներին։
«Մարդասիրական գործունեությունը, առհասարակ, հակամարտության իրավիճակում ղեկավարվում է միջազգային մարդասիրական իրավունքով և այստեղ հարկ է նշել, որ սա ոչ միայն բարի կամքի դրսևորումն է կողմերի՝ միջազգային մեր նման կազմակերպության աշխատանքի առումով, այլև՝ միջազգային մարդասիրական իրավունքի պահանջ է, որպեսզի հակամարտող կողմերը անեն ամեն հնարավորը, որ հնարավորություն լինի մարդկանց տրամադրել մարդասիրական աջակցություն», - նշեց Զառա Ամատունին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան-Ալիև հեռավար հանդիպում՝ Մակրոնի և Միշելի միջնորդությամբԱդրբեջանի, Ֆրանսիայի առաջնորդների և Եվրոպական Խորհրդի նախագահի հետ երեկ կայացած տեսակոնֆերանսի ընթացքում Հայաստանի վարչապետը մի շարք հարցերի թվում անդրադարձել է միջազգային կազմակերպությունների՝ Արցախ ելումուտի խնդրին: Այս մասին հաղորդում են կառավարությունից՝ առանց այլ մանրամասների։ Թե անդրադարձ եղել է կոնկրետ Կարմիր խաչի գործունեության սահմանափակումներին, կառավարությունից չեն հաղորդում։
Պատերազմից հետո ոչ մի անգամ Արցախ չեն այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
Կարմիր խաչը Արցախում է շուրջ 30 տարի։ Միջազգային կազմակերպությունն աջակցում է հակամարտությունից տուժած ու տուժող բնակիչներին՝ սնունդով, անհրաժեշտ այլ պարագաներով, մասնակցում է զոհված զինծառայողների դիերի որոնման ու դուրսբերման աշխատանքներին, բնակչության սոցիալական վիճակը կայունացնող տարբեր ծրագրեր է իրականացնում։ Բազմաթիվ քաղաքացիներ կոմիտեի աջակցությամբ 0-ից սեփական գործն են սկսել կամ էլ եղած հնարավորություններն ընդլայնել։
«Շատ կարևոր է, որ Կարմիր խաչը շարունակի գործել Արցախում». Արցախի բնակիչ
«2022 թվականի Նոր տարուն մեր սեղանին մեր սեփական բանջարեղենն է եղել՝ թե՛ կանաչին, թե՛ մյուսը, թե՛ մյուսը: Էլ արդեն խանութների կամ շուկաների հետ կապ չունենք, արդեն հնարավոր ա նույնիսկ մի մասը վաճառքի հանել», - ասաց Արցախի Աշան գյուղի բնակիչ Գրենիկ Գրիգորյանը:
Արցախի Մարտունու շրջանի Աշան գյուղի բնակիչ Գրենիկ Գրիգորյանի ընտանիքն այս ձմռանը սեփական ջերմոցի բանջարեղենից է օգտվում, խանութից գնելու անհրաժեշտություն հազվադեպ է առաջանում։ Նոր ջերմոց ունեն։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է կառուցել ու դասընթացներ սկսել գյուղացիների համար։ Հիմա գյուղում 24 ընտանիք նոր ջերմոց ունի, շատերը սկսել են բանջարեղեն աճեցնել, սեփական բերքից նաև հարազտաներին են կարողանում բաժին հանել, ասում է 58-ամյա գյուղատնտեսը։ Ջերմոցներ բազմաթիվ համայնքներում են ստացել։
«Հարևաններին, բարեկամներին, ցանկացողներին տրամադրում ենք, հյուրասիրում ենք: Ցանկացողները գալիս են, նայում, թե ոնց ենք մշակում», - ասաց Գրիգորյանը:
Մարտունու շրջանի սահմանամերձ Սոս գյուղի բնակիչ Սուսաննա Հարությունյանն էլ սպիտակեղենի արտադրություն է սկսել։ Կարմիր խաչի օգնությամբ կարի մեքենա է գնել ու սկսել գործը, հիմա արտադրանքը պահանջված է ոչ միայն Սոսում, այլև հարևան համայնքներում ու Ստեփանակերտում։
«Կարմիր խաչն առաջարկեց մինի բիզնես ծրագիր, ես հայտ ներկայացրեցի, խնդրեցինք կարի մեքենա, կտորներ՝ սպիտակեղենի և սրբիչ կարելու համար: Իրանք ինձ ընդառաջեցին, հայտը բավարարեցին, հիմա ես գնել եմ կարի մեքենա ու կտորներ և զբաղվում եմ: Ասեմ, որ հաջողությամբ զբաղվում եմ այդ գործով, կարողանում եմ վաճառել: Չէի ասի, որ մեծ եկամուտներ ունեմ, բայց օրվա հացի փող աշխատում եմ», - ներկայացրեց Հարությունյանը:
Հիմա տիկին Սուսաննան գործն ընդլայնելու մասին է մտածում, երկրորդ կարի մեքենան է գնել։ Զարմացած ու զայրացած է՝ ինչով է մարդասիրական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունը խանգարում Բաքվին, որ խոչընդոտներ են ստեղծում։ Ասում է՝ արցախցիների համար Կարմիր խաչը անհրաժեշտություն է՝ օդ ու ջրի պես, հատկապես հետպատերազմական շրջանում։ Սոսում իր համագյուղացիներն էլ են 0-ից սեփական գործը սկսել ու հաջողել։
«Շատ կարևոր է, որ Կարմիր խաչը շարունակի գործել Արցախում, շատ մեծ օգնություն է ցուցաբերում տուժածներին, իհարկե, շատ վատ է, որ Ադրբեջանը ցանկանում է խանգարել», - նշեց նա:
Կարմիր խաչի արցախյան գործունեության շուրջ անորոշությունն արդեն 4 օրն է՝ պահպանվում է։ Պաշտոնական Ստեփանակերտն էլ է լռում։ Կազմակերպությունն, ի դեպ, գործում է աշխարհի բազմաթիվ չճանաչված պետություններում։