ՀՀ ԱԳՆ. «Հայաստանի վարչապետի այց Թուրքիա չի քննարկվում»

ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյան, արխիվ

Հայաստանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Վահան Հունանյանը Ֆեյսբուքում տեղեկացրել է, որ «վարչապետ Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում»:

Նախարարությունն այդպես արձագանքել է նախօրեին A Haber թուրքական պարբերականի հաղորդագրությանը, որի համաձայն, Հայաստանի վարչապետը կարող է մասնակցել Անթալիայում կայանալիք միջազգային դիվանագիտական հավաքին: Ըստ թուրքական պարբերականի, այդ մասին ասել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը, նշելով, որ «Անկարան ցանկանում է արագացնել հայ-թուրքական կապերի բարելավման գործընթացը»:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, թե իր հայ պաշտոնակից Արարատ Միրզոյանին և թուրք-հայկական քննարկումներում Հայաստանի բանագնած Ռուբեն Ռուբինյանին հրավիրել է մասնակցել Անթալիայի ֆորումին:

Հայկական կողմը քննարկում է մասնակցության հնարավորությունը: Ենթադրվում է, որ պատասխանը դրական կլինի:

Հայ և թուրք բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 14-ին Մոսկվայում: Կողմերն այն ընդհանուր առմամբ դրական են գնահատել: Երկրորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել փետրվարի 24-ին Վիեննայում: