Հասմիկ Պողոսյանի հարսին մեղադրանք է առաջադրվել՝ «հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար»

Մշակույթի նախկին նախարար, «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Հասմիկ Պողոսյանի որդու կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար, հայտնում է Քննչական կոմիտեն։

Ըստ հաղորդագրության, Ֆրանչեսկա Կուտրուպը, հանդիսանալով օֆշորային գոտում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերության տնօրեն, 2011-2014թթ. ընթացքում վերոնշյալ հասարակական կազմակերպության նախագահի, փոխնախագահի և հասարակական կազմակերպության նախագահության անդամ, ՍՊ ընկերության տնօրենի հետ նախնական համաձայնությամբ, ձևական գործարք կատարելու եղանակով թաքցրել և խեղաթյուրել է հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող, հանցավոր գործունեության արդյունքում ստացված՝ Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող 526.9 քմ. մակերեսով շենքի և 0,0467 հա. մակերեսով հողամասի ծագման աղբյուրն ու պատկանելությունը: Այնուհետև տիրապետել և տնօրինել է նշված առանձնապես խոշոր չափերի գույքը՝ դրա նկատմամբ իրավունքները վաճառելով և գրանցելով մի շարք անձանց և Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված վերոնշյալ ընկերության անվամբ։

Կուտրուպիին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (փողերի լվացում) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է, ասված է հաղորդագրությունում:

ԱՕԿՍ-ի շենքի գործով, հիշեցնենք, անցնում են նաև Հասմիկ Պողոսյանն ու Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը։ Ըստ քրգործի, Հասմիկ Պողոսյանը չարաշահել է պաշտոնեական դիրքը, իսկ Արմեն Սմբատյանը նրան օժանդակել է։ Արդյունքում նրանք կարողացել են ՀՀ հողային օրենսգրքի սահմանափակումների ցանկում ընդգրկված պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի զբաղեցրած հողամասը դարձնել հասարակական կազմակերպության սեփականություն: Ապա, ըստ իրավապահների, շենքը և դրա զբաղեցրած հողամասը ձևական գործարքի արդյունքում՝ 550 հազար ԱՄՆ դոլարով վաճառել են օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված, Հասմիկ Պողոսյանի հարսին պատկանող ընկերությանը՝ «օրինականացնելով գույքը և թաքցնելով դրա ծագման աղբյուրը»։ Արմեն Սմբատյանը գտնվում է ազատության մեջ 20 միլիոն դրամ գրավի դիմաց, իսկ 2006-2018 թվականների ընթացքում Մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՕԿՍ-ի շենքը օտարվել և սեփականաշնորհվել է օրինական ճանապարհով. Սմբատյանի և Պողոսյանի պաշտպաններ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մշակույթի նախկին նախարարին ու Իսրայելում նախկին դեսպանին առնչվող քրգործի նախաքննությունն ավարտվել է