Նվազել է երկրի ընթացքից գոհ հայաստանցիների թիվը. IRI 

Միջազգային հանրապետական ինստիտուտի պատվերով անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբերին անցկացված սոցհարցման համաձայն՝ նվազում է հայաստանցիների թիվը, ովքեր համարում են, որ երկիրը ճիշտ ուղղությամբ է շարժվում։

Օրերս հրապարակված ուսումնասիրությունը փաստում է՝ հայաստանցիների միայն 34 տոկոսն է համարում, որ երկիրը ճիշտ ուղղությամբ է շարժվում, այնինչ՝ անցած տարվա հուլիսին այդ թիվը կազմում էր 41 տոկոս, իսկ էլ ավելի վաղ՝ մայիսի հարցման ժամանակ ավելի բարձր էր՝ 43 տոկոս։

Վերջին հարցման համաձայն, հայաստանցիների 46 տոկոսը համարում է, որ երկիրը շարժվում է սխալ ուղղությամբ, և այս թիվը ավելի քան երկու անգամ մեծ է անցած տարվա մայիսյան հարցման ժամանակ գրանցված թվից. այն ժամանակ միայն 20 տոկոսն էր այդպես մտածում։

Սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Գևորգ Պողոսյանի կարծիքով, նման դինամիկան վկայում է, որ հայաստանցիների համար անորոշ է երկրի ապագան։

«Հարցումներով ու արտագաղթի աճող տեմպերից ենթադրում եմ, տեսնում եմ, որ մարդիկ իրենց ապագան Հայաստանի հետ չեն կապում: Երեկ էլ առանձնապես չէին կապում, բայց այսօր ավելի քիչ են կապում, որովհետև շատ անորոշ է Հայաստանի ապագան», - նշեց Պողոսյանը:

Հայաստանցիների համար ամենամեծ խնդիրը տարածքային, սահմանների հարցն է. այդպես է մտածում 28 տոկոսը։ Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական բաժնի ղեկավար Սթիվեն Նիքսը դա բնական է համարում:

«Ղարաբաղյան վերջին պատերազմն ու տարածաշրջանում ռազմական բախումների պատմությունն աչքի առաջ ունենալով, հասկանալի է, որ հայաստանցիներն անհանգստացած են ազգային անվտանգությամբ և սահմանային խնդիրներով։ Հայաստանցիները ցանկանում են տեսնել տարածքային երկարամյա այս խնդիրների հանգուցալուծումը», - նշել է Սթիվեն Նիքսը։

Մայիսյան հարցման ժամանակ, երբ 44-օրյա պատերազմից հետո երկիրը շարունակաբար ներքաղաքական ցնցումների մեջ էր և առջևում արտահերթ խորհրդարանական ընտրություններին էին, քաղաքական անկայունությունն էր համարվել ամենալուրջ խնդիրը. այդպես էր մտածում հարցվածների 12 տոկոսը։ Մյուս խնդիրները ավելի քիչ տոկոս էին հավաքել։

Եթե մայիսին անցկացված հարցման արդյունքով Զինված ուժերն էին ամենահեղինակավոր կառույցը երկրում. բանակի գործունեությամբ լիովին կամ որոշ չափով բավարարված էր 75 տոկոսը, ապա արդեն տարեվերջին առաջին հորիզոնականում է հայտնվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ 68 տոկոսով։ Մայիսյան հարցման ժամանակ օմբուդսմենի գրասենյակը երկրորդն էր։ Զինված ուժերը նահանջել են չորրորդ հորիզոնական՝ 58 տոկոս: Ընդ որում, բանակի ղեկավարությունից գոհ են ավելի քիչ թվով մարդիկ՝ հարցվածների 40 տոկոսը։

Աճել է վարչապետի աշխատակազմի աշխատանքից բավարարված քաղաքացիների թիվը. վերջին հարցման համաձայն՝ 49 տոկոսը, իսկ մայիսին այդ թիվը 38 տոկոս էր։ Նույն՝ դրական դինամիկան է նախագահի աշխատակազմի պարագայում՝ մայիսին 23 տոկոսն է գոհ, տարվա վերջին՝ 35-ը։ Խորհրդարանական պետություն կառուցող Հայաստանում Ազգային ժողովի վարկանիշը շարունակում է ամենից ցածրը մնալ նշված պետական մարմինների շարքում. վերջին հարցման համաձայն, օրենսդիրից գոհ է 31 տոկոսը, մայիսին գոհ էր 24 տոկոսը։

Թուրքիայից ու Ադրբեջանից հետո Ռուսաստանն է անվտանգային ամենամեծ սպառնալիքը Հայաստանի համար

Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող հիմնական նորությունը, թերևս, Ռուսաստանի նկատմամբ դրական վերաբերմունք ունեցող հայաստանցիների թվի անկումն է անցած տարվա ընթացքում։ Եթե մայիսին Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները շատ լավ ու լավ էր գնահատում հարցվածների 70 տոկոսը, և այդ ցուցանիշով Մոսկվան երկրորդ հորիզոնականում էր` Ֆրանսիայից հետո, ապա նոյեմբեր-դեկտեմբերին այդ թիվը նվազել է՝ հասնելով 64 տոկոսի, և Ռուսաստանը նահանջել է վեցերորդ հորիզոնական՝ Ֆրանսիայից, Իրանից, ԱՄՆ-ից, Չինաստանից ու Եվրամիությունից հետո։ Դեռ ավելին՝ հայաստանցիների կարծիքով, Թուրքիայից ու Ադրբեջանից հետո հենց Ռուսաստանն է անվտանգային ամենամեծ սպառնալիքը երկրի համար։

Միևնույն ժամանակ, հայաստանցիների 64 տոկոսը համարում է, որ Ռուսաստանն է Հայաստանի առավել կարևոր գործընկերը անվտանգության ոլորտում, իսկ 61 տոկոսի համոզմամբ՝ առավել կարևոր տնտեսական գործընկերը, և այս ցուցանիշներով Մոսկվան առաջին տեղում է։

«Այս երկակի մոտեցումը բացատրվում է, իմ կարծիքով, նրանով, որ որպես տնտեսական, որպես մեր անվտանգության պահպանող, որպես քաղաքական, տնտեսական ու նաև աշխատանքային առումով Ռուսաստանը կար և մնում է առաջին տեղում: Բայց երբ որ մենք քաղաքական հարցադրում ենք անում, այնտեղ նվազել է, իհարկե: Դա գալիս է նրանից, որ Ռուսաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ հայ հանրությունը շատ վատ, բացասական է ընկալում, իսկ այնտեղ հարաբերությունների լավացում գնաց», - ասաց Գևորգ Պողոսյանը:

Հայաստանցիների 73 տոկոսը համարում է, որ Երևանը պետք է երկխոսություն սկսի Անկարայի հետ և կարգավորի երկկողմ հարաբերությունները՝ առաջ քաշելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հետագա ճանաչման օրակարգը։

70 տոկոսի կարծիքով՝ Հայաստանը պետք է հարաբերություններ հաստատի Թուրքիայի հետ՝ առաջ քաշելով իր նախապայմանները, ինչպիսին է, օրինակ, Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին չխոչընդոտելը:

Այն հարցին, թե Հայաստանը ե՞րբ պետք է սկսի սահմանազատման և սահմանագծման գործընթացը, մեծ մասը՝ 25 տոկոսը, պատասխանել է՝ ԼՂ հիմնահարցի վերջնական լուծումից և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։

Հայաստանցիների 85 տոկոսի համար ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ընդունելի տարբերակ է Լեռնային Ղարաբաղի ճանաչումը՝ որպես անկախ պետություն, կա՛մ Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին որպես մարզ, կա՛մ Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի կարգավիճակի հաստատում Հայաստանի կազմում։