Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Մոսկվան ունի համապատասխան ծրագրեր, որոնք կիրականացնի այն դեպքում, եթե Միացյալ Նահանգները սահմանի նոր պատժամիջոցներ:
Պեսկովը նաև Վաշինգտոնին կոչ է արել «դադարեցնել Եվրոպայում իրավիճակի բորբոքումը»:
«Կրեմլը մտահոգված է, որովհետև պատժամիջոցների հարցում Միացյալ Նահանգների կեցվածքն անկանխատեսելի է: Միացյալ Նահանգները շարունակում է այս հարցում անկանխատեսելի լինել միջազգային ասպարեզում: Այո, կան ծրագրեր, որոնք կոչված են նվազագույնի հասցնել ռիսկերը և վնասները, որոնք կարող են պատճառել նման անկանխատեսելի գործողությունները: Բայց կրկնում եմ՝ մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին հրաժարվել սադրիչ քայլերից և Եվրոպայում լարվածությունը բորբոքելուց»,- ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը:
Վաշինգտոնը և ՆԱՏՕ-ն այսօրվա դրությամբ հրաժարվում են անվտանգության երաշխիքներ տալ Ռուսաստանին և, մասնավորապես, պարտավորվել, որ Ուկրաինան չի միանա Հյուսիսատլանտյան դաշինքին կամ ՆԱՏՕ-ն հարձակողական սպառազեն չի տեղակայի Ուկրաինայում:
Ռուսաստանն Ուկրաինայի սահմանին մոտեցրել է 100 հազարի հասնող բանակ, սակայն հավատացնում է, որ Ուկրաինա ներխուժելու մտադրություն չունի: