Պաշտոնական Երևանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական և համապարփակ լուծման հարցում կարևորում է Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի դերն ու առաքելությունը։ Այս մասին ասել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ հանդիպմանը:
Դեսպանն իր հերթին համակարծիք է եղել՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, և այդ գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:
Ադրբեջանական կողմը բազմիցս է հայտարարել, որ ղարաբաղյան հարցն այլևս անցյալում է: Ադրբեջանի նախագահը վերջերս բավականին կոշտ էր խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ապագայի մասին։
Ըստ փոխվարչապետի գրասենյակի հաղորդագրության` Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել վերջին 30 տարիների ընթացքում ԱՄՆ-ի` Հայաստանին տրամադրված աջակցությունը՝ ուղղված ավելի բարեկեցիկ և ժողովրդավար հասարակության ամրապնդմանը, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև դատական և ոստիկանության բարեփոխումների կյանքի կոչմանը։