Կանադան ժամանակավորապես հետ է կանչում Կիևում իր դեսպանատան այն աշխատակիցներին, որոնք կատարում են գործառույթներ, առանց որոնց դեսպանատան գործունեությունը կարող է շարունակվել, ինչպես նաև դիվանագետների ընտանիքների մնացած անդամներին։
Կանադայի արտաքին գործերի նախարարությունը երեկ հայտարարություն է տարածել՝ Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի կենտրոնացման շուրջ շարունակվող լարվածության ֆոնին:
«Մինչ մենք շարունակում ենք ուշադիր հետևել իրավիճակին, կանադացիների անվտանգությունը մնում է մեր առաջնահերթությունը: Մեր պաշտոնյաները պատրաստ են հյուպատոսական օգնություն ցուցաբերել Կանադայի քաղաքացիներին, եթե պահանջվի», - հայտարարել է Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ նշելով՝ Կիևում դեսպանատունը մնում է բաց։
Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի կուտակումների մասին Արևմուտքն ահազանգում է անցած տարվա աշնանից։ Իրավիճակը մնում է լարված։ «Ուկրաինայի սահմաններին ռուսական զորքերի կուտակումը նշանակում է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հրամայել հարձակվել Ուկրաինայի վրա «շատ կարճ ժամանակում», - Կիևում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ արձագանքել է՝ Ռուսաստանը չի ցանկանում զինված հակամարտություններ, սրա հետ մեկտեղ՝ թույլ չի տա անտեսել սեփական շահերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի շուրջ իրավիճակը մնում է լարված