Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու հայ-թուրքական բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հնարավոր է մասնակցեն մարտի 11-13-ը Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին, այդ մասին խոսել է նաև Հայաստանի ղեկավարը, այսօր հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն։
«Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրել ենք Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին և հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե հրավիրյալները կարող են մասնակցել ֆորումին: Գոհ կլինենք: Քանի որ Ադրբեջանն էլ է մասնակցելու: Այս հարթակում թող Ադրբեջանն էլ իր մտքերը հայտնի, Հայաստանն էլ: Ըստ էության, սա կլինի վստահության բարձրացմանը ուղղված քայլերի մի մասը», - ասել է Չավուշօղլուն:
Մեկ շաբաթ առաջ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել էր, որ Հայաստանը հրավիրվել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին։
Նույն օրը Հայաստանի արտգործնախարարությունից փոխանցեցին, որ ստացել են ֆորումին մասնակցելու հրավերը, և քննարկվում է միջոցառմանը նախարար Արարատ Միրզոյանի մասնակցության նպատակահարմարությունը։
Երկուշաբթի օրն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ հավանականությունը մեծ է, որ Հայաստանը կընդունի Անթալիայի ֆորումին մասնակցելու Թուրքիայի հրավերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հայաստանը Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավեր է ստացել Քննարկվում է Միրզոյանի մասնակցությունը Թուրքիայում կայանալիք համաժողովինԹուրքիան «Հայաստանին հրավիրել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին»