Միրզոյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Լյուքսեմբուրգում

Հանդիպում Լյուքսեմբուրգի արտգործնախարարի հետ

Աշխատանքային այցով Լյուսքեմբուրգում գտնվող Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի արտաքին գերատեսչության ղեկավար Ժան Ասելբորի հետ քննարկել է տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, մտքեր փոխանակել Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների լուծման շուրջ:

Ինչպես Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչություն է հաղորդում, Արարատ Միրզոյանն ու Ժան Ասելբորն շեշտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո, անդրադարձել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման գործընթացին, շեշտել տարածաշրջանի պետությունների միջև փոխգործակցության հաստատման և կայուն զարգացման համար նախադրյալների ստեղծման կարևորությունը։

Հանդիպում վարչապետի հետ

Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բետելիի հետ հանդիպման ժամանակ կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերի միջոցով խորացնելու երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը, բազմակողմ հարթակներում փոխգործակցությունը, տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտակրթական ոլորտներում համագործակցությունը։

Միրզոյանը Բետելին է փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստան այցելելու հրավերը:

Հանդիպում Պատգամավորների պալատի նախագահի հետ

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնան Էտգենի հետ հանդիպմանն, անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկմանը, Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ համաձայնագրի շրջանակներում հետևողականորեն զարգացնելու ԵՄ հետ համագործակցությունը՝ այս առումով կարևորելով նաև Լյուքսեմբուրգի աջակցությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանն առնչվող հարցերի շուրջ։