Հայ ու եզդի ժողովուրդների միջև ազգային թշնամանք հարուցելու համար մեղադրվող եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով երկրորդ դատական նիստի ընթացքում հրապարակվեց քրեական գործի հարուցման պատճառ դարձած հարցազրույցը։ Այն yezidinews.com կայքում հրապարակվելուց շատ չանցած հեռացվել էր՝ հենց Սուլթանյանի պահանջով:
Եզդի իրավապաշտպանն ավելի վաղ հայտարարել էր, որ դա ոչ թե հարցազրույց է եղել, այլ մասնավոր զրույց Իրաքում գործող լրատվամիջոցի լրագրողի հետ, առանց իր իմացության է այն հայտնվել այդ կայքում։ Ավելին՝ Սուլթանյանն ու նրա պաշտպանները պնդում են՝ եզդիերեն հարցազրույցը հայերեն թարգմանության մեջ իմաստային շեղումներ են եղել, խեղաթյուրվել է Սուլթանյանի խոսքը։
Իրավապաշտպանի շահերը ներկայացնող Արա Ղազարյանը ասաց, որ զրույցում Սուլթանյանը քննադատել է ոչ հայ ժողովրդին, այլ Հայաստանի կառավարությանը։ Պաշտպանը նշեց, որ Սուլթանյանը մի տեղ քննադատել է մարդկանց, որոնք խլել են եզդիների հողերը, մինչդեռ թարգմանության մեջ գրված է «հայերը», և տպավորություն է ստեղծվում, որ թե բոլոր հայերն են խլել հողերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Թշնամանքը հենց ԱԱԾ-ն է հրահրում». եզդի իրավաշտպանն իրեն առաջադրված մեղադրանքի մասինԲացի այդ այսօր Արա Ղազարյանը հայտարարեց, որ Սուլթանյանի նկատմամբ հետապնդումը դեռ հարցազրույցի հրապարակումից կես տարի առաջ է սկսվել։ Փաստաբանը կասկած չունի՝ դա Սուլթանյանի իրավապաշտպան գործունեության հետ է կապված։
«Մենք համոզվեցին, որ նրա նկատմամբ տեղի է ունեցել հետապնդում մինչև քրեական գործի հարուցման հիմքերի ի հայտ գալը, իսկ դա նշանակում է, որ ամենայն հավանականությամբ ենթարկվել է խտրական վերաբերմունքի իր իրավապաշտպան գործունեության արդյունքում», - նշեց Ղազարյանը:
Մեղադրող-դատախազ Արտակ Կարապետյանն էլ հայտարարեց, թե թարգմանիչը լիազորագիր ունի եզդիերեն-հայերեն թարգմանություններ անելու. թարգմանչական գրասենյակից է լիազորագիրը ստացել։ Ըստ դատախազի՝ հրապարակված զրույցում կոնկրետ էթնիկ խմբին ուղղված գնահատականներ են եղել։ Իսկ Սուլթանյանը քաջ գիտակցել է, որ հարցազրույց է տալիս, որը հրապարակվելու է և հասանելի է դառնալու լսարանին։
Մինչ դատական նիստի մեկնարկը պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի դատարանը թույլատրի Սուլթանյանին Եվրոպա մեկնել: Սուլթանյանն էլ ասաց, որ այն իրավապաշտպան գործունեության հետ է կապված՝ աշխատանքային այց է լինելու եվրոպական մի քանի երկիր, հրավերը Եվրամիության ծրագրերից մեկի շրջանակում է ստացել։
Դատախազը չառարկեց, որպեսզի Սաշիկ Սուլթանյանը մեկնի Եվրոպա։ Իսկ դատարանն էլ բավարարեց միջնորդությունը։ Սաշիկ Սուլթանյանի խափանման միջոցը՝ ստորագրությամբ չհեռանալն է։
«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի դեմ քրեական հետապնդումը միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում է, ավելի վաղ նրանք քրեական գործի վերաբերյալ հայտարարություններ էին տարածել։