Թեհրանն ու Բաքուն ռազմական ոլորտում կապերը խորացնելու անհրաժեշտություն են տեսնում

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Իրանում, 25-ը հունվարի, 2022թ.

Թեհրանն ու Բաքուն ռազմական ոլորտում համագործակցությունը խորացնելու անհրաժեշտություն են տեսնում։ Շաբաթներ առաջ երկկողմ հարաբերություններում աննախադեպ ճգնաժամը հաղթահարած հարևան երկրների իշխանությունները քննարկում են նաև ռազմական կապերը խորացնելուն ուղղված քայլերը։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, որը պաշտոնական այցով գտնվում է Թեհրանում, հանդիպումներ է ունենում Իրանի իշխանությունների հետ, այսօր նրան ընդունել է նախագահ Էբրահիմ Ռաիսին, մինչ այդ էլ հանդիպումներ է ունեցել ռազմական ոլորտի ղեկավարության հետ։

Ռաիսին նշել է, որ իրանցի և ադրբեջանցի ժողովուրդները դարերով ապրել են բարիդրացիության պայմաններում, և ադրբեջանա-իրանական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում։

Մի քանի շաբաթով ընդմիջված այդ բարիդրացիական հարաբերությունները հարևանները փորձում են վերականգնել։ Կողմերը պայմանավորվել են անցյալում թողնել լարվածությունը և սկսել նոր էջից։ Թե՛ Բաքվում, թե՛ Թեհրանում հայտարարում են, որ այդ գործում շրջադարձային էր երկու նախագահների անցյալ տարվա նոյեմբերին Թուրքմենստանում կայացած հանդիպումը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թեհրանն ու Բաքուն երկկողմ հարաբերությունները նոր էջից են սկսում

Ընդգծելով փոխադարձ այցերի կարևորությունը երկու երկրների կապերի ընդլայնման տեսանկյունից՝ Իրանի նախագահը համոզմունք է հայտնել, որ բարեկամական և եղբայրական հարաբերությունները հաջողությամբ կզարգանան առաջիկա տարիներին:

«Իսկ հարաբերությունների ընդլայնման համար ներուժի պակաս չկա»,- ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտանին։

«Իրանի և Ադրբեջանի միջև պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումն ու խորացումը շատ կարևոր է աշխարհաքաղաքական առանձնահատուկ իրավիճակի պատճառով։ Երկու երկրներն էլ մեծ ներուժ և հնարավորություններ ունեն համապարփակ հարաբերությունների ընդլայնման համար», - նշել է Իրանի ռազմական գերատեսչության ղեկավարը։

«Թասնիմ» լրատվականի փոխանցմամբ՝ նախարար Աշտանին, ընդգծելով պաշտպանական-անվտանգային ոլորտում երկու երկրների հարաբերությունների ամրապնդումը, շեշտել է, որ երկկողմ կապերը տարբեր ոլորտներում պետք է էլ ավելի զարգացնել։

Բաքուն հետաքրքրված է իրանական ռազմական արդյունաբերությամբ

Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ Հասանովը Թեհրանում հայտարարել է, որ Բաքուն հետաքրքրված է իրանական ռազմական արդյունաբերությամբ։ Թե կոնկրետ ինչ սպառազինությամբ է Ադրբեջանը ցանկանում համալրել իր զինանոցը, չի հաղորդվում։ Հաղորդագրություններում միայն նշվում է, որ ադրբեջանցի նախարարը իրանցի գործընկերների հետ քննարկել է ռազմական, ռազմատեխնիկական և ռազմաբժշկական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, փորձագիտական խմբերի փոխայցելությունների կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի խոսքերով՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները նոր փուլ են թևակոխել։ Բաղերիի համոզմամբ՝ երկկողմ ռազմական հարաբերությունների զարգացումը երկու պետություններն էլ ավելի ապահով կդարձնի։ Իրանցի բարձրաստիճան զինվորականը նշել է, որ Իրանի քաղաքականությունը հարևանների հետ հարաբերությունների զարգացումն է և ցանկացած օկուպացիայի դիմակայելը, հատուկ ընդգծելով, որ Իրանը «Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը նույնքան կարևոր է համարում, որքան իր սեփականը»։

«Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրումը, որը տեղի ունեցավ երեք տասնամյակ անց, ուրախացրեց Իսլամական հեղափոխության առաջնորդին և իրանցի ժողովրդին»,- ասել է Մոհամմադ Բաղերին։

Բաղերին կրկին պնդել է տարածաշրջանում «սիոնիստական ռեժիմի առկայությունը»

Սահմանակից և հարևան Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները կտրուկ սրվել էին Ղարաբաղյան պատերազմի ընթացքում։ Թեհրանը Բաքվին մեղադրում էր իր սահմաններին «սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչներ» և սիրիացի զինյալներ տեղակայելու համար։ Թեև Ադրբեջանի իշխանությունները կտրականապես հերքում են այդ մեղադրանքները, երկու երկրներն էլ ի վերջո որոշել են անցյալում թողնել լարվածությունը, Թեհրանի մտահոգությունը, սակայն, չի մարում։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը չշրջանցեց այդ խնդիրը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքվի ու Թեհրանի միջև դիվանագիտական շփման բառապաշարը կոշտանում է

«Այս ահաբեկիչները փորձում են տարածվել Աֆղանստանում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում, և սա հաշվի առնելով՝ տարածաշրջանային երկրների համագործակցության համար անհրաժեշտ է պայքարել նրանց դեմ», - ասել է Մոհամմադ Հոսեյն Բաղերին։

Անթույլատրելի համարելով արտաքին ուժերի միջամտությունը՝ Բաղերին կրկին պնդել է տարածաշրջանում «սիոնիստական ռեժիմի առկայությունը» և հայտարարել. «Այն վնասում է և սպառնալիք է տարածաշրջանային երկրների անվտանգությանը»։

Ինչպես է Թեհրանի հերթական այդ ակնարկներին ու անուղղակի մեղադրանքներին արձագանքել Իսրայելի բարեկամ Ադրբեջանի պաշտպանության նախարարը՝ չի հաղորդվում։ Փոխարենը ադրբեջանական աղբյուրները մեջբերում են Զաքիր Հասանովի շնորհակալական խոսքերը ջերմ ընդունելության, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։

Անդրադառնալով Իրան-Ադրբեջան ռազմական հարաբերությունների զարգացման մասին հայտարարություններին՝ իրանցի փորձագետ Սալար Սեյֆոդինին հիշեցրել է Բաքվից ոչ վաղ անցյալում հնչած հայտարարությունները, երբ Իլհամ Ալիևը խոսում էր Ղարաբաղում Իրանի հակաօրինական գործունեության մասին։

«Մարդիկ, որ դեռ երեկ հայտարարում էին, թե Իրանը Ղարաբաղին ռազմական օգնություն է տրամադրել, այսօր ռազմական պայմանագիր են կնքում։ Այդ մարդիկ այսօր ասում են՝ խնդրում ենք, եկեք և կառուցեք»,- ասում է վերլուծաբանը։