Անկարայի համալսարանի հայագիտական հետազոտություններ իրականացնող պրոֆեսոր Յըլդըզ Դևեջի Բոզքուշը, որն ուշադրությամբ հետևում է հայ - թուրքական կարգավորման բանակցություններին, չի բացառում, որ նախապայմանները կարող են հետագայում օրակարգ գալ, բայց ոչ այս փուլում:
Միևնույն ժամանակ պրոֆեսորը կարծում է, որ Երևանն ու Անկարան այս անգամ ավելի մոտ են հաշտությանը, քան նախորդ փորձերի ժամանակ։
Շուրջ երկու շաբաթ առաջ Մոսկվայում հայ և թուրք բանագնացների առաջին հանդիպումից հետո կողմերը հայտարարեցին, թե համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների:
«Կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչների նշանակումը շատ կարևոր էր, քանի որ գիտենք, որ երկար տարիներ Հայաստանն ու Թուրքիայի հարաբերություններում շատ խնդիրներ կան, և դիվանագիտական կապեր չունենք: Բանագնացների նշանակումից հետո արդեն հաջորդ փուլերում նաև այլ քայլեր կձեռնարկվեն ընդհուպ մինչև դեսպանությունների բացում: Կարծում եմ շատ կարևոր է, որ սկզբնական փուլում բանակցային սեղանին նախապայմաններ չկան, քանի որ կարգավորման նախորդ փորձերի՝ ֆուտբոլային դիվանագիտության, ցյուրիխյան արձանագրությունների ժամանակ հենց նախապայմանների պատճառով առաջընթաց չեղավ», - ասում է Բոզքուշը։
Անկարան մշտապես հայտարարում է, թե Երևանի հետ կարգավորման քայլերը համակարգելու է Բաքվի հետ: Պրոֆեսորի կարծիքով, հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորուման գործընթացները թեև զուգահեռ չեն, բայց փոխկապակված են. - «Երևանի ու Բաքվի հարաբերությունների բարելավումը անկասկած կազդի նաև հայ-թուրքական հարաբերությունների վրա: Այդ պատճառով էլ Երևանը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելիս նույն կերպ էլ պետք է Բաքվի հետ կարգավորման գնա և ուշադիր լինի այս հարցում: Չենք կարող ասել, որ այս գործընթացները ամբողջովին իրար կապված են, բայց Թուրքիան ամենասկզբից հայտարարել էր, որ դրանք պետք է փոխհամաձայնեցված ընթանան»:
Լիարժեք կարգավորման ճանապարհի արգելքներից էլ Անկարայի համալսարանի դասախոսն առանձնացնում է Ռուսաստան-Արևմուտք հակասությունը, որը կարող է բացասաբար ազդել հայ-թուրքական երկխոսության վրա. - «Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Ռուսաստանին հաջողվել էր Արևմուտքին լիովին դուրս թողնել գործընթացից: Հիմա հակառակ պատկերն է. ԱՄՆ-ը, Եվրամիության երկրները ձգտում են ներգրավվել այս պրոցեսում և հայտարարում են, որ ողջունում են կողմերի՝ կարգավորմանը ուղղված ջանքերը: Սակայն այս երկու բևեռների՝ Ռուսաստանի ու Արևմուտքի հակասությունները հնարավոր է բացասաբար ազդեն հայ-թուրքական գործընթացի վրա: Սակայն այս պահին երկու կողմն էլ աջակցում է կարգավորմանը»:
Բոզքուշի կարծիքով, թեև կարգավորման գործընթացում վստահության բարձրացման համար կողմերը նախ շեշտը դնելու են տնտեսական ու առևտրային կապերի հաստատման վրա, բայց կարևոր է նաև քաղհասարակությունների երկխոսությունը. - «Գուցե առևտրային, տնտեսական, մշակութային մի շարք քայլեր լինեն, երկու երկրների քաղհասարակությունները ներգրավվեն, Երևանի և Անկարայի համալսարանների, գիտնականների միջև համաժողովներ, հանդիպումներ կարող են լինել: Այս գործընթացում նաև կարևոր է մամուլի լեզուն, այդ պատճառով էլ երկու երկրների լրագրողները ևս կարող են շփումներ ունենալ: Մամուլի, համալսարանների և հասարակական կազմակերպությունների համագործակցության քայլեր կարող են լինել, բայց կարծում եմ շեշտը կդրվի տնտեսական և առևտրային քայլերի վրա»:
Վերջերս Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ բանագնացների հաջորդ հանդիպմանը քննարկվելու են վստահության բարձրացմանը միտված քայլերը: Ուշագրավ է, որ թուրքական Daily Sabah-ը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, նախօրեին գրել էր, թե հայ և թուրք բանագնացների մոսկովյան հանդիպումից հետո Անկարան ձգտում է, որ հաջորդ հանդիպումը տեղի ունենա Թուրքիայում կամ Հայաստանում:
Բանագնացների երկրորդ հանդիպման ամսաթվի և վայրի մասին առայժմ չի հայտարարվել: