Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1931-ով, բուժվածներինը՝ 147-ով, գրանցվել է մահվան ևս 1 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1931-ով՝ հասնելով 355 հազար 662-ի, գրանցվել է մահվան ևս 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 147-ով և հասել 334 հազար 696-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 7 հազար 721 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 692 հազար 959-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 33-ի, ևս 1525 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 11 հազար 408 մարդ։

Արցախում՝ վարակի 17 նոր դեպք, մահացել է ևս 2 մարդ

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ կատարվել է 108 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսի 17 նոր դեպք է գրանցվել: Արձանագրվել է մահվան 2 դեպք։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 26 վարակակիր, 7-ի վիճակը ծայրահեղ ծանր է,14-ինը՝ ծանր։

2022 թվականի ընթացքում Արցախում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1652 քաղաքացու հետազոտություն, որից 129-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։