Անկարան ծրագրում է Հայաստանից թռիչքներ բացել դեպի Թուրքիայի տարբեր շրջաններ

Անկարան ծրագրում է Հայաստանից թռիչքներ բացել դեպի Թուրքիայի տարբեր շրջաններ և ընդլայնել առևտրային կապերը Երևանի հետ:

Թուրքական «Հյուրիյեթը», վկայակոչելով իր աղբյուրները, ուշագրավ տեղեկություն է փոխանցում շաբաթներ առաջ Թուրքիայի նախագահականում տեղի ունեցած փակ քննարկումից, որտեղ օրակարգում է եղել նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Անկարայի կուլիսներում շոշափվել են արտաքին դաշտում ձեռնարկվելիք քայլերը: Թուրքիան նպատակ ունի իր շուրջը առանց խնդիրների օղակ ձևավորել:

Իշխանություններին մոտ կանգնած «Հյուրիյեթը» գրում է, թե Հայաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը Անկարան դիտարկում է որպես առաջին քայլ հարաբերությունների կարգավորման ճանապարհին: Բացի Երևան-Ստամբուլ չվերթներից Անկարան նախատեսում է Հայաստանից թռիչքներ բացել դեպի Կարս ու Վան, հետագայում նաև Թուրքիայի այլ նահանգներ: Թուրքական իշխանությունները հաշվի են առնում, որ Վանը հայերի համար պատմական նշանակություն ունի և կարող է դառնալ զբոսաշրջային կենտրոն։ Վանի Աղթամար կղզում է գտնվում Սուրբ Խաչ եկեղեցին, որտեղ տարին մեկ անգամ պատարագ է մատուցվում։ Այս պատարագին ավանդաբար բազմաթիվ հայեր են մասնակցում, նաև Սփյուռքից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թուրքիան պաշտոնապես հայտարարեց փետրվարից Հայաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերաբացման մասին

Միևնույն ժամանակ, նախատեսվում է վերականգնել որոշ պատմական կառույցներ, օրինակ, Կարսի մոտ գտնվող պատմական կամուրջը և որոշ շենքեր, որոնք կարևոր արժեք են ներկայացնում հայերի համար։ «Հայկական սփյուռքի ճնշումը նվազեցնելու համար միաժամանակ կընդլայնվեն նաև առևտրային կապերը»,- գրում է «Հյուրիյեթը»:

Երեկվա առցանց ասուլիսում վարչապետ Փաշինյանը չէր բացառել, որ Հայաստանին ու Թուրքիային կհաջողվի արդեն այս տարի դիվանագիտական հարաբերություններ հաստատել. «Հիմա, օրինակ, հարցը հետևյալն է, թե հնարավո՞ր է այս տարի դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն։ Ես չեմ կարող կանխատեսել հնարավոր է, թե չէ այս տարի, որովհետև դա, ցավոք, միայն մեզնից չի կախված, բայց շատ տրամաբանական կլինի, եթե, օրինակ, մենք հասնենք այդպիսի արդյունքի»։

Անկարայի համալսարանի հայագիտական հետազոտություններով զբաղվող պրոֆեսոր Յըլդըզ Դևեջի Բոզքուշի կարծիքով՝ երկու երկրների միջև թռիչքների ավելացումն ու տնտեսական կապերի հաստատումը կնպաստի փոխադարձ վստահության բարձրացմանը:

«Շատ կարևոր է թռիչքների ավելացումը: Փոխադարձ թռիչքների վերաբացումը կարգավորմանը ուղղված քայլերից մեկն էր: Կարգավորման գործընթացում և՛ Հայաստանի, և՛ Թուրքիայի համար կարևոր նշանակություն ունեն էներգետիկ ու տրանսպորտային հաղորդակցության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Այս առումով Հայաստանը նաև Ադրբեջանի հետ է աշխատում, նման նախագծերից մեկն էլ օրինակ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնումն է: Դրա մասին նաև վարչապետ Փաշինյանն է հայտարարել: Ուստի կարծում եմ, որ այդ կարգավորման գործընթացում հաղորդակցության ուղիների ընդլայնումը էական դեր է խաղում», - նշել է պրոֆեսորը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար բանագնացների նշանակմանը զուգահեռ Երևան-Ստամբուլ ուղիղ թռիչքների վերսկսման մասին դեկտեմբերի կեսերին հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Այդ թռիչքները չեն իրականացվել 2019-ից ի վեր։

Անցած շաբաթ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պաշտոնապես հայտարարեց փետրվարից Հայաստան-Թուրքիա ուղիղ ավիահաղորդակցության վերաբացման մասին:

Այսպես, փետրվարի 2-ին հայկական Flyone Armenia ավիաընկերությունը կիրականացնի Երևան-Ստամբուլ առաջին չվերթը: Նույն օրը թուրքական Pegasus-ը «Սաբիհա Գյոքչեն» օդանավակայանից դեպի «Զվարթնոց»՝ Ստամբուլ-Երևան թռիչք կկատարի: Երկու ավիաընկերություններն էլ նախատեսում են շաբաթական երեք չվերթ իրականացնել այս երթուղով: