Հայաստանում այս օրերին ակտիվորեն շրջանառվում է կորոնավիրուսի բարձր վարակելիությամբ նոր շտամը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասում է՝ հենց «օմիկրոն»-ն է քովիդի նոր դեպքերի օրեցօր ավելացման պատճառը։
«Անցած շաբաթ թվերը անընդհատ աճում էին, մենք ակնկալում ենք, որ այս շաբաթ ևս աճ կգրանցենք, որովհետև վերարտադրողության ցուցանիշը, որը ցույց է տալիս նախորդ 14 օրերի դինամիկան, թույլ է տալիս կանխատեսել, որ, այո, մենք առաջիկայում ունենալու ենք թվերի աճ», - ասաց Ավանեսյանը:
Քովիդի տարածվածությունը նվազեցնելու նպատակով է, որ Հայաստանում նոր սահմանափակումներ են գործում, այսօր հրավիրած ասուլիսում ասաց նախարարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուժի մեջ են մտել նոր խստացումները. Հայաստանում քովիդի թվերն օրեցօր աճում ենՇաբաթ օրվանից հանրային սննդի կետեր, հյուրանոցներ, մարզասրահներ, համերգասրահներ և մշակութային այլ վայրեր քաղաքացիների մուտքը միայն պատվաստման հավաստագրով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով է թույլատրվում։ Եթե տնտեսվարողները չպահպանեն կանոնները, ապա առաջին անգամ կտուգանվեն 100-300 հազար դրամով, կրկնվելու դեպքում՝ 200-ից 500 հազար դրամով։
Ինչո՞ւ այս նոր խստացումները չեն վերաբերում ամենամարդաշատ վայրերին, օրինակ, մոլերին, առևտրի կենտրոններին, հանրային տրանսպորտին։ Նախարարը բացատրեց, թե խիստ անհրաժեշտ ծառայությունների նկատմամբ սահմանափակումները չկիրառելը կառավարության սկզբունքն է.
«Դրանք կիրառել ժամանցի վայրերի, հանրային սնունդի, մի կողմից որովհետև այստեղ վարակման հնարավորությունը, երբ որ մարդիկ միասին ճաշում են, սրա շրջանակներում շատ ավելի բարձր է, առաջնորդվելով նաև այդ մտահոգությամբ», - նշեց Ավանեսյանը:
Սահմանափակումների ֆոնին նկատվում է պատվաստման գործընթացի մի փոքր ակտիվացում։ Ապրիլից, երբ մեկնարկեց վակցինացիան, մինչ օրս պատվաստվել է բնակչության ընդամենը 28.2 տոկոսը։ Այս թիվը, սակայն դեռևս շատ հեռու է ընդհանուր իմունիտետի ձևավորման համար անհրաժեշտ ցուցանիշից։ Դրա համար, ըստ մասնագետների, անհրաժեշտ է 70 և ավելի տոկոս։ Նախարարի խոսքով՝ կառավարությունը ձգտում է հասնել այդ 70 տոկոսին, բայց պատվաստումը պարտադիր դառնալու մասին քննարկում չկա։
Փոխարենը քննարկվում է չպատվաստվածների համար բուժումը վճարովի դարձնելու հարցը։ Պետությունը, ըստ նախնական տվյալների, մեկ անձի բուժման համար ծախսում է 800 հազարից մինչև 1 միլիոն դրամ. - «Քննարկումներ, այո, ունենք, որ ինչպես է գնահատվում դրա ազդեցությունը հանրային առողջապահության վրա, և իհարկե, երբ որ կան հասանելի պատվաստանյութերը, ուրեմն նաև պետք է ռեսուրսների ծախսման արդյունավետությունը ևս գնահատենք»:
Ըստ պաշտոնական վիճակագրության, ամբողջական պատվաստվածների մոտ 59 տոկոսը 35-64 տարեկաններն են, 25 տոկոսը՝ 18-34 տարեկանները, իսկ 65-ից բարձր տարիքի անձանցից ընդամենը 15 տոկոսն է պատվաստված։ Առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատու Սամվել Հայրումյանն ասում է՝ ռիսկի խմբում գտնվողները հիմնականում կա՛մ չեն ցանկանում ու վախենում են, կա՛մ հակաքարոզի ազդեցության տակ են։
«Եթե իրենց ընտանիքի անդամները, ովքեր դուրս ու ներս են անում, ովքեր հասարակության մեջ շփումներ ունեն, աշխատում են, եթե իրենք պատվաստվեն, իրենց վարակվելու հավանականությունը էականորեն պակասում է և հետևաբար էլի նպաստելու է, որ վարակը չտանեն տուն: Եթե իրենք չվարակվեն կամ վարակվելուց էլ գոնե թեթև լինեն, սիմտոմներ չլինեն, իսկ վարակը նաև փոխանցվում է հազի, փռշտոցի միջոցով, եթե ընտանիքի պատվաստված անդամը հիվանդանա ու թեթև տանի, ինչ-որ չափով մեծահասակների դա կօգնի», - ընդգծեց Հայրումյանը:
Մասնագետները միևնույն ժամանակ ընդգծում են՝ պատվաստումից զատ պետք է պահպանվեն հակահամաճարակային կանոնները՝ դիմակների կրումը, սոցիալական հեռավորությունը։ Այս կանոնները, սակայն, Հայաստանում մարդաշատ վայրերում շատ քչերն են կիրառում։