Ամբողջ աշխարհում մեծ արագությամբ տարածվում է կորոնավիրուսի վերջին ենթատեսակը՝ «օմիկրոն»-ը: Իշխանությունները և առողջապահական հաստատությունները բնակիչներին հորդորում են պատվաստվել:
Գրեթե բոլոր մայրցամաքներում հանրության մի մասը բողոքի ակցիաներ է անցկացնում և պահանջում է չեղարկել, այսպես կոչված, «կորոնաանձնագրերը» [պատվաստման կամ կազդուրվելու մասին վկայող փաստաթուղթը կամ QR-կոդը] և գրեթե պարտադիր դարձող պատվաստումները:
Մինչդեռ, մասնագետների մեկնաբանություններում ի հայտ է գալիս զգուշավոր լավատեսություն և տեսանելի ապագայում այս պատուհասից վերջապես ազատվելու ակնկալիք: Համենայնդեպս, Եվրոպայում դա միանգամայն հնարավոր է համարվում: Այդ մասին է ասել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի ծրագրերի տնօրեն Հանս Կլյուգեն:
«Օմիկրոն»-ն առաջին անգամ գրանցվել է անցած տարվա նոյեմբերին Հարավային Աֆրիկայում և սկսել է կորոնավիրուսի մինչ այդ հայտնի ենթատեսակների համեմատությամբ չափազանց արագ տարածվել:
«Օմիկրոն»-ը հունարենի այբուբենի 15-րդ տառն է, գիտական ավանդույթի համաձայն, վիրուսները դասակարգվում են ըստ հունարենի այբուբենի:
Արդեն դեկտեմբերին մասնագետները նշել են, որ «օմիկրոն»-ով ախտահարվածները համեմատաբար հեշտ են տանում հիվանդությունը, դրա ծանր ընթացքի և մահվան դեպքերը «դելտա»-ի համեմատությամբ ավելի քիչ են:
Առավել լավատեսորեն տրամադրված մասնագետները նույնիսկ կարծիք են հայտնել, որ «օմիկրոն»-ը կարող է դառնալ «բնական պատվաստանյութ», քանի որ վարակված մարդու օրգանիզմում գոյանում են հակամարմիններ, որոնք նրան ինչ-որ ժամանակ պետք է պաշտպանեն:
Հանս Կլյուգեն դեռ երկու շաբաթ առաջ է ասել, որ եթե «օմիկրոն»-ը շարունակի այս արագությամբ տարածվել, ապա առաջիկա 6-8 շաբաթների ընթացքում Եվրոպայի բնակչության կեսից ավելին կվարակվի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ըստ ամենայնի՝ Եվրոպան մտնում է համաճարակի վերջնական փուլ․ ԱՀԿԱՀԿ Եվրոպայի ծրագրերի տնօրենի փոխանցմամբ, կորոնավիրուսը կարող է պանդեմիկ փուլից թևակոխել էնդեմիկ փուլ: Կլյուգեն երեկ էլ է խոսել համավարակի մասին, նշելով, որ այն կարող է մարել: Միաժամանակ նա ընդգծել է, որ կորոնավիրուսն այս ընթացքում այնքան շատ անակնկալներ է մատուցել գիտնականներին, որ չի կարելի միանշանակ պնդել, թե համավարակն անպայման կավարտվի: «Գուցե և ի հայտ կգա մի նոր վտանգավոր ենթատեսակ»,- նախազգուշացրել է Կլյուգեն:
Մասնագետները ենթադրում են, որ «օմիկրոն»-ից հետո ինչ-որ տևական ժամանակ դադար կլինի և տարեվերջին կորոնավիրուսը «կվերադառնա», սակայն ոչ թե պանդեմիկ, այլ էնդեմիկ տարբերակով:
Շատ պարզ մեկնաբանությամբ դա կնշանակի, որ հիվանդությունն այլևս համաշխարհային ծավալ չունի և տարածվում է կոնկրետ քաղաքում, շրջանում, երկրում կամ տարածաշրջանում: Դա բնավ չի նշանակում, որ այն կդառնա քիչ վտանգավոր: Մարդիկ կարող են ծանր հիվանդանալ և մահանալ նաև, այսպես կոչված, սովորական սեզոնային գրիպից:
Մասնագետները շարունակում են պնդել, որ լավագույն բուժումը հիվանդության կանխումն է, տվյալ դեպքում՝ պատվաստումը: Սակայն այստեղ ի հայտ են գալիս մի շարք էթիկական հարցեր, որոնք ուղղակիորեն առնչվում են մարդու իրավունքի հետ:
Բռնատիրական երկրներում իշխանությունը հպատակներին կարգադրում է պատվաստվել, զգուշացնելով, որ խուսափողները կպատժվեն: Եվ այդպիսիք իսկապես պատժվում են: Դեմոկրատական երկրներում իշխանություններն առաջին հերթին փորձում են համոզել և մեծագույն դժվարությամբ են պարտադրանք կիրառում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ավստրիայի բոլոր բնակիչների համար պատվաստումը դառնում է պարտադիրԵվրոպայում բացառիկ է Ավստրիայի օրինակը: Խորհրդարանը 137 կողմ 33 դեմ քվեների հարաբերակցությամբ երրորդ ընթերցմամբ ընդունել է օրենք կորոնավիրուսի դեմ չափահասների պարտադիր պատվաստման մասին:
Առողջապահության նախարար Վոլֆգանգ Մյուքշտայնն ասել է, որ դա թույլ կտա խուսափել տնտեսությունը քայքայքող լոքդաուններից:
«Մենք գիտենք, որ պատվաստումը, հատկապես երրորդ խթանիչ ներարկումը պաշտպանում է նաև «օմիկրոն»-ից: Եթե ուզում ենք խուսափել նոր սահմանափակումներից՝ պետք է պատվաստվենք»,- ասել է նախարարը:
Ընդդիմության ներկայացուցիչ, «Ազատություն» կուսակցության լիդեր Հերբերտ Կիկլը պնդել է, որ օրենքը ծանր հարված է հասցնում դեմոկրատիային:
«Մեկ որոշմամբ միլիոնավոր ավստրիացիներ դառնում են ստորադասված, նրանք արդեն անկախ չեն, ինքնիշխան չեն, նրանք դառնում են ենթականեր և ծառաներ»,- ասել է Կիկլը:
Նոր օրենքն ուժի մեջ կմտնի փետրվարից, իսկ ամբողջ ծավալով կսկսի գործել մարտի կեսից: Օրենքը ենթադրում է բազմաթիվ բացառություններ և չի գործի հղիների, առողջական սպեցիֆիկ խնդիրներով մարդկանց ու վարակված և կազդուրվածների նկատմամբ:
Հարևան երկրներն ուշիուշով հետևում են, փորձելով գուշակել, թե ինչ ընթացք կունենա այս նախաձեռնությունը և արդյո՞ք հետագայում նպատակահարմար կլինի հետևել Ավստրիայի օրինակին: