Քաղաքացիները հակասական կարծիքներ ունեն Սարգսյանի աշխատանքի մասին

Հրաժարականի դիմում ներկայացրած Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքի մասին քաղաքացիները հակասական կարծիքներ ունեն: Այսօր «Ազատության» հետ զրույցներում երևանցիների մի մասը նախագահի պաշտոնավարման չորս տարիների գործունեությունը գերազանց գնահատեց, մյուս մասը նախագահի կատարած աշխատանքը չէր տեսել, ոմանք էլ կարծում են՝ Սարգսյանը կարող էր ավելին անել:

«Լավ մարդ էր, լավ պոլիտիկ էր, իմ դուրը գալիս էր, որ ինքը մնար լավ կլիներ, առաջ քաշեին, ավելի լավ կլիներ: Ես հարգում եմ էդ մարդուն: Գրագետ մարդ ա, տենց գրագետ ղեկավար մեկ էլ եսիմ երբ կլինի էլի», - ասաց քաղաքացիներից մեկը:

«Ոչ մի աշխատանք էլ չկատարեց, չկանգնեց Փաշինյանի թիկունքին, որ Փաշինյանի հետ էս երկիրը վերականգնեն, ոչ մեկն էլ մեկը մյուսի թիկունքին չի կանգնում», - նշեց մեկ այլ քաղաքացի:

Սահմանափակ լիազորություններ ունեցող 68-ամյա Արմեն Սարգսյանն իր հրաժարականի տեքստում երկրում ընթացող գործընթացներին ազդելու բավարար գործիքներ չունենալու հանգամանքն է մատնանշել:

«Ազատության» հետ զրույցներում որոշ քաղաքացիներ ասում էին՝ եթե այդպես է, ապա ավելի վաղ պետք է հեռանար:

«Թող Սերժ Սարգսյանի վախտով իրականացներ հրաժարակը, ինչի՞ էկավ-հասավ էս պահը և հրաժարական տվեց», - ասաց հարցվածներից մեկը:

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց. «Ուրեմն թող ավելի շուտ հրաժարական տար, եթե մի մարդ տեղ չունի, պիտի ավելի շուտ հրաժարական տա»:

Քաղաքացիներն Արմեն Սարգսյանի պաշտոնավարման չորս տարիներից ամենաշատը հիշում են նրա արտերկիր այցելությունները, մտավորականների, երիտասարդների հետ քննարկումներն ու շփումները երեխաների հետ: