Ուկրաինան այժմ Ռուսաստանի կողմից հնարավոր բաց ներխուժման վտանգի տակ է, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության գլխավոր խմբագիր Ռոստիսլավ Խոտինը։
Ուկրաինան փաստորեն 8 տարի է, ինչ Ռուսաստանի հետ պատերազմական վիճակի մեջ է, նշեց Խոտինը՝ շեշտելով՝ ուղղակի այս պատերազմը հիբրիդային է, մի տեսակ քողարկված:
«Հիշեցնեմ, որ դեռևս 2014 թվականին Ռուսաստանը բռնակցել է Ղրիմը և Ուկրաինայի արևելքում՝ Դոնբասում հրահրել հակամարտություն: Բայց նա դա անում էր ստորաբար ու խորամանկությամբ: Սրանք 21-րդ դարի հիբրիդային պատերազմի մեթոդներն են, երբ Ռուսաստանը այնտեղ է, բայց ձևացնում է, որ այնտեղ չէ: Այլ կերպ ասած՝ նրա համար հեշտ է ամեն ինչ հերքել», - ասաց «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության գլխավոր խմբագիրը։
Խոտինի խոսքով՝ այժմ Ռուսաստանը բացեիբաց, առանց թաքնվելու արդեն 100 հազարից ավելի զորք ու մեծ քանակությամբ զինտեխնիկա է կուտակել Ուկրաինայի հետ սահմանին՝ տարբեր ուղղություններով՝ ինչպես Ղրիմից, այդպես էլ արևելքից ու հյուսիսից: Նրա փոխանցմամբ, Ռուսաստանի զինտեխնիկան ու զինվորները նույնիսկ արդեն մտել են Բելառուս:
«Այսինքն, այնտեղից էլ արդեն Ուկրաինայի համար պոտենցիալ սպառնալիք կա: Այնպես որ, Ուկրաինան այժմ Ռուսաստանի կողմից հնարավոր բաց ներխուժման վտանգի տակ է», - ասաց գլխավոր խմբագիրը՝ նշելով՝ Ուկրաինայում խուճապ չկա և, վկայակոչելով սոցհարցումների տվյալները, նշեց՝ Ռուսաստանի կողմից հարձակման դեպքում ուկրաինացիների մինչև 50 տոկոսը պատրաստ է գրանցվել տարածքային պաշտպանության համար, և ամեն երրորդ ուկրաինացի պատրաստ է զենք վերցնել, եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա:
«Այնպես որ, մոբիլիզացիոն իրավիճակ է», - ասաց Ռոստիսլավ Խոտինը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև