Մոսկվան ու Վաշինգտոնը դրական են գնահատել այսօրվա բանակցությունները

Ժնևում այսօր 1,5 ժամ տևած հանդիպումը ռուսական և ամերիկյան կողմերը ընդհանուր առմամբ դրական են գնահատել, շեշտելով՝ բանակցությունները շարունակվելու են։

Ռուսաստանի արտգործնախարար՝ Սերգեյ Լավրովը դրանք անվանել է միջանկյալ, հայտարարելով, թե ամերիկյան կողմը խոստացել է հաջորդ շաբաթ գրավոր պատասխան ներկայացնել անվտանգության երաշխիքների շուրջ ռուսական պահանջներին. - «Էնթոնի Բլինքենը այսօրվա բանակցություններից բավարարված էր, ասաց, որ եկող շաբաթ կներկայացնի մեզ ամերիկյան կողմի գրավոր պատասխանը»:

Միացյալ Նահանգների պետքարտուղարն ավելի ուշ տված ասուլիսին նույնպես հաստատել է, թե դաշնակիցների հետ խորհրդակցություններից հետո գրավոր կպատասխանեն անվտանգության երաշխիքների շուրջ ռուսական առաջարկներին։ «Մեր դաշնակիցների և գործընկերների հետ խորհրդակցություններից հետո գրավոր կներկայացնենք Ռուսաստանին մեր մտահոգությունները և մի շարք գաղափարներ», - ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը:

Այսօր Լավրովի հետ հանդիպումը սկսելիս Բլինքենն ընդգծել էր, թե առաջխաղացում չի ակնկալում, սակայն կփորձի պարզել՝ արդյոք դեռ կա՞ ճգնաժամի դիվանագիտական կարգավորման հնարավորություն և Ռուսաստանը պատրա՞ստ է շարժվել առաջ դիվանագիտական ճանապարհով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բլինքենը բեկում չի ակնկալում Լավրովի հետ այսօր Ժնևում կայանալիք հանդիպումից

Հարցի պատասխանը հայտնի կլինի, հավանաբար, եկող շաբաթ, ամերիկյան կողմի գրավոր պատասխանից հետո ռուս-ամերիկյան բանակցությունները Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման, ինչպես Վաշինգտոնն է շեշտում կամ անվտանգության երաշխիքների շուրջ, ինչպես Մոսկվան է պնդում, շարունակվելու են։

Ի դեպ՝ ռուս-ամերիկյան բանակցություններից հետո, արտգործնախարարները միշտ առանձն ասուլիսներ են հրավիրում։

Նոյեմբերից Արևմուտքն ահազանգում է, թե Ռուսաստանը Ուկրաինայի հետ սահմանին մեծ քանակով զորքեր է տեղակայել և ծրագրում է նոր ագրեսիա իր հարևանի դեմ, Մոսկվան հերքում է և պնդում՝ ագրեսիայի ծրագրեր չունի, փոխարենը ՆԱՏՕ-ին մեղադրում իրավիճակը սրելու մեջ։

Ավելին՝ անցած տարվա դեկտեմբերի կեսերին Մոսկվան պահանջել էր Միացյալ Նահանգներից ու ՆԱՏՕ-ից երաշխիքներ, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի ընդլայնվի դեպի արևելք՝ հետխորհրդային երկրների հաշվին։

Վաշինգտոնը, չնայած Մոսկվայի կոշտ դիրքորոշմանը, գրեթե ամեն օր հայտարարում է, թե ուզում է հնարավորինս անել ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական հանգուցալուծման համար: Արևմտյան երկրները, սրա հետ մեկտեղ, չխոստանալով Ուկրաինային ռազմական աջակցություն ռուսական լայնածավալ ներխուժման դեպքում, ասում են, որ եթե դա, այդուամենայնիվ, տեղի ունենա, նրանք կօգնեն Կիևին զենքի մատակարարման հարցում, ինչպես նաև «աննախադեպ» պատժամիջոցներ կկիրառեն Ռուսաստանի դեմ։

Ռուս պաշտոնյաները երբեք չեն սպառնացել «ուկրաինացի ժողովրդին». Լավրով

Լավրովն այսօրվա ասուլիսին հերթական անգամ պնդել է, թե ռուս պաշտոնյաները երբեք չեն սպառնացել «ուկրաինացի ժողովրդին», և Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ ագրեսիա չի ծրագրում։ Ընդորում՝ բանակցություններին զուգահեռ Մոսկվայում սկսվել է Ուկրաինայի արևելքի անջատողականների ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու զգուշավոր գործընթաց, համենայնդեպս, Ռուսաստանի նախագահին ուղղված նման կոչով փաստաթուղթ արդեն Պետդումայում է և եկող շաբաթ այն քննարկվելու է։

Լավրովը այսօրվա ասուլիսին ակնարկել էր, թե ժամանակին Դոնբասի այս տարածքների շուրջ իրադարձությունները չեն զարգացել Ղրիմի սցենարով, քանի որ Ուկրաինայի իշխանությունները խոստացել էին Մինսկի համաձայնագրերի շրջանակում հատուկ կարգավիճակ տալ այս տարածքներին։ Վաշինգտոնը, Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով, կարող է իր որոշիչ ազդեցությունն օգտագործել և ստիպել Կիևին կատարել Մինսկի համաձայնագրերը։

Պաշտոնական Մոսկվան ի տարբերություն Ռուսաստանի քաղաքական էլիտայի հրապարակավ զուսպ է Դոնբասի անջատողականներին ճանաչելու հարցում, համենայնդեպս Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն այսօր հայտարարել է, թե նախաձեռնության հեղինակները չպետք է փորձեն քաղաքական միավորներ վաստակել զգայուն թեմայով։ Կրեմլի խոսնակը նշել է, թե կարևոր է խուսափել քայլերից, որոնք կարող են լարվածության աճ հրահրել Ուկրաինայի հետ կապված իրավիճակում։

Լավրովն էլ այսօրվա ասուլիսին պատասխանելով այդ հանրապետությունները ճանաչելու մասին հարցին, ասել է, թե չի ուզում անդրադառնալ թեմային, քանի որ Կրեմլը արդեն մեկնաբանել է։

Միևնույն ժամանակ ռուսական կողմը զինվորականներ ու տեխնիկա է ուղարկում Բելառուս Ուկրաինայի հետ սահմանին համատեղ զորավարժությունների համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուս-բելառուսական համատեղ զորավարժություններ կանցկացվեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի պարզաբանել է իր դիրքորոշումը Ուկրաինա ռուսական պոտենցիալ ներխուժման վերաբերյալ՝ շտկելով նախորդ օրվա մամուլի ասուլիսից լրագրողների մոտ մնացած տպավորությունն առ այն, թե Ռուսաստանի կողմից «փոքր ներխուժմանը» Վաշինգտոնը պակաս կոշտ պատասխան կտա, քան լայնամասշտաբ ներխուժման դեպքում։

«Ես բացարձակապես պարզ եմ եղել նախագահ Պուտինի հետ: Եթե որևէ ռուսական ստորաբաժանում հատի Ուկրաինայի սահմանը, դա ներխուժում է և կարժանանա կոշտ և համակարգված տնտեսական պատասխանի, որոնք մենք մանրամասնորեն քննարկել ենք մեր դաշնակիցների հետ, ինչպես նաև շատ հստակ շարադրել ենք նախագահ Պուտինին», - նշել է Բայդենը:

Նախօրեին Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել էր նաև, թե առաջիկա տարիներին Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա, բայց ոչ ռուսների պահանջով, այլ որովհետև դեռ չի կատարել անհրաժեշտ պայմանները, բաց այդ Բայդենը նաև ասել էր, թե կարող է քննարկել Ռուսաստանի նախագահի հետ առաջիկա տարիներին Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի ռազմավարական կառույցներ չտեղակայելու հարցը։

Ռուս փորձագետները սրանում Վաշինգտոնի կողմից զիջման պատրաստակամություն են տեսնում, պաշտոնական Մոսկվային, սակայն, ավելի է ուզում։ Ռուսաստանի արտգործնախարարը, մասնավորապես, ընդգծում է, թե Մոսկվան պահանջում է, որ ՆԱՏՕ-ն հանի իր ուժերը և տեխնիկան Ռումինիայի և Բուլղարիայի տարածքից, քանի որ այդ երկրները ՆԱՏՕ-ի անդամ չէին 1997 թվականին, իսկ Մոսկվան պահանջում է, որ ՆԱՏՕ-ն վերադառնա 1997-ի սահմաններին։ Սերգեյ Լավրովի այս հայտարարությունը հրապարակված է ՌԴ Արտգործնախարարության կայքում։