Սակագները վերանայելու, խոցելի խմբերի համար գազն ավելի քան 30 տոկոսով թանկացնելու «Գազպրոմ Արմենիա»-ի հայտն ուսումնասիրող Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովից (ՀԾԿՀ) հայտնում են՝ իրենց քաղաքականության համաձայն սոցիալապես անապահովները կոմունալ ծառայությունների համար ավելի քիչ պետք է վճարեն:
«Հանձնաժողովի մոտեցումն է սպառողական խմբերի տարանջատումը. վերը նշված անապահով ընտանիքների համար և մնացած այլ խմբերի համար մոտեցումն է տարանջատված սակագնի սահմանումը», - ասաց ՀԾԿՀ խոսնակ Լիանա Ազիզյանը:
Ռուսական «Գազպրոմ Արմենիա»-ն անցած շաբաթ գազի սակագները միջինում 6 տոկոսով բարձրացնելու հայտ է ներկայացրել կարգավորող հանձնաժողով. ընկերությունն առաջարկում է բոլոր խմբերի սպառողների համար միասնական սակագին սահմանել՝ 8500 կիլոկալորիա ջերմատվության պայմաններում 135.6 դրամ մեկ խորանարդ մետրի համար, եթե ջերմատվությունն ավելի բարձր կամ ցածր լինի, գինը նույն համամասնությամբ կփոխվի։ Ընկերությունն առաջարկում է գազն ավելի քան 30 տոկոսով թանկացնել անապահով բաժանորդների համար, սովորական սպառողների համար 139 դրամ սակագինն է գործում։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը գազի գնի շուրջ գլխավոր բանակցողներից է, երեկ խորհրդարանական ամբիոնից խոստացավ՝ անապահովների համար գազը չի թանկանա։ Բայց թե «Գազպրոմ»-ի հայտը բավարարելու դեպքում ինչպես կփոխհատուցեն անապահով խավին՝ արդյոք սուբսիդավորում կտրամադրեն կամ այլ ճանապարհ կփնտրեն, և՛ փոխվարչապետը, և՛ կարգավորող հանձնաժողովը առայժմ չեն բացահայտում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փոխվարչապետը խոստանում է՝ սոցիալապես անապահովների համար գազի սակագինը չի փոխվի«Կալորիականությունից ելնելով առաջարկ է ներկայացվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, և դոգմատիկ չի, որ այդ հայտն ընդունվելու է կամ ընդունվի այն ձևով, որով ներկայացվել է: Ես ավելի շատ հակված եմ վստահ լինել, որ անապահով խավի համար գազի սակագինը չի փոխվելու», -նշեց Գրիգորյանը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի խոսնակ Լիանա Ազիզյանը պարզաբանում է՝ իրենց մոտեցումն այն է, որ անապահովների կոմունալ ծախսերը մյուս բաժանորդներից տարանջատված պետք է լինի, ընդգծում է՝ տարբեր խմբերի սակագների որոշումն ու հաստատումը միայն իրենց գործառույթն է: Հանձնաժողովը 80 օր ժամանակ ունի «Գազպրոմ»-ի հայտի վերաբերյալ որոշում կայացնելու համար։
«Հնարավոր է մինչև 80 օր լինի և մինչև ապրիլի 1-ը հանձնաժողովը, կարծում եմ, պիտի որ այդ ուսումնասիրությունները անի», - նշեց Ազիզյանը:
Ռուսական ընկերությունը գազի միասնական գին սահմանելու հայտ նաև 2020 թվականին էր ներկայացրել, ՀԾԿՀ-ն որոշել էր բնակչության համար սակագներն անփոփոխ թողնել, սակայն կապույտ վառելիքը թանկացավ ամսական 10 հազար խորանարդ մետրից շատ գազ սպառող բաժանորդների, բիզնեսի համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայ-ռուսական ավելի քան երկու տարի տևած գազային բանակցությունների արդյունքում որոշվել է ապրիլի 1-ից սահմանին կիրառել գազի գնի ճշգրտման մեխանիզմը։ Սա նշանակում է, որ ջերմատվությամբ՝ կալորիականությամբ պայմանավորված գինը կփոփոխվի, ավելի որակյալ գազի համար Հայաստանն ավելի շատ կվճարի։ Ըստ էության, նույն «Գազպրոմ»-ի հետ պայմանավորվածության հետևանքով՝ անցած ամիս հանձնաժողովը որոշեց միջինը 4.7 դրամով թանկացնել էլեկտրաէներգիան, պատճառը ռուսական կողմի նկատմամբ Հայաստանի չկատարված պարտավորություններն են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փետրվարի 1-ից էլեկտրաէներգիան կթանկանա«Հրազդան ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի համար ներդրված գումարը չվերադարձնելու պատճառով փետրվարի 1-ից սկսած տասը տարի ժամկետով Հայաստանը «Գազպրոմ»-ին տարեկան շուրջ 32 միլիոն դոլար պետք է տրամադրի։ Ու մինչ փորձագետներն ու ընդդիմությունը ահազանգում են, որ գազի, հոսանքի, ջրի սակագների բարձրացման անխուսափելի հետևանքը կլինի էլ ավելի բարձր գնաճը, Հայաստանի իշխանությունները հիշեցնում են՝ նույնը տեղի է ունենում ողջ աշխարհում և հատկապես այն երկրներում, որտեղ գազը չորս անգամ ավելի թանկ է։