Նախորդ երեք օրերի համեմատ՝ քովիդի նոր դեպքերը Հայաստանում գրեթե կրկնակի աճել են՝ 360-ից հասնելով 620-ի։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, թե թվերն ավելանում են վիրուսի նոր շտամի՝ «օմիկրոն»-ի պատճառով, բայց պատվաստումների շնորհիվ, ըստ նրա, նվազել են մահերը։ Թեև Հայաստանում մասսայական պատվաստումներ սկսվել են նախորդ տարվանից, պատվաստանյութերի խնդիր էլ չի եղել, այդուհանդերձ բնակչության 26.1 տոկոսն է դեռ ամբողջական պատվաստում ստացել։ Այս առումով Հայաստանը շարունակում է մնալ տարածաշրջանում վերջինը:
«Քաղաքականությունը՝ պայքարելու այս նոր շատմի՝ «օմիկրոն»-ի հետ կապված շարունակում են մնալ պատվաստումները, որոնք իրենց դերը իրականացնում են ծանր և ծայրահեղ ծանր մահվան դեպքերից պաշտպանելու և ռիսկը նվազեցնելու առումով: Այո, ցավոք սրտի, այս շտամը իր վարակելիությամբ աչքի է ընկնում, և մենք տեսնում ենք, որ գրեթե երկրների մեծամասնությունում այն կտրուկ աճ է արձանագրում», - ընդգծեց առողջապահության նախարարը:
Քովիդի աշնանային սրացումներով պայմանավորված՝ բանակում և բանտերում տեսակցություններն արգելվել էին։ Առողջապահության նախարարը տեղեկացրեց՝ տեսակցությունները կվերականգնվեն, բայց միայն թեստի բացասական պատասխանի կամ ամբողջական պատվաստման հավաստագրի առկայության դեպքում։
Վարչապետ Փաշինյանը շարունակելով սահմանափակումների թեման, ասաց՝ տեսչական մարմինները պետք է ստուգումները խստացնեն, որ պատվաստման QR կոդ կամ թեստի բացասական պատասխան չունեցող մարդիկ հանրային փակ վայրեր չմտնեն։ Այս նոր խստացումը Հայաստանում ուժի մեջ է մտնում շաբաթ օրը՝ հունվարի 22-ին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հունվարի 22-ից հանրային վայրեր այցելելու համար հարկավոր է ներկայացնել պատվաստման հավաստագիր կամ թեստի բացասական արդյունք«Ընդ որում՝ պատասխանատվությունը կրում են տնտեսվարողները: Սա արվում է հենց տնտեսվարողների շահերից: Երբ որ մեր հիվանդանոցները լցվեն ամբողջությամբ, մենք ստիպված կլինենք գնալ լոքդաունի», - նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ռեստորանային բիզնեսը հիմնականում դժգոհությամբ է արձագանքել շաբաթ օրն ուժի մեջ մտնող սահմանափակումներին։ Ասում են՝ քովիդի շրջանում ամենաշատն իրենց ոլորտն է տուժել, եթե հիմա էլ սկսեն պատվաստման հավաստագիր կամ թեստի բացասական պատասխան չունեցողներին ներս չթողնել՝ բիզնեսը կտապալվի։ Վարչապետը հիշեցրեց՝ նախորդ տարի կառավարությանը քննադատում էին այդ սահմանափակումները չկիրառելու համար, ասաց՝ տարբերակ չկա, պետք է հետևել կանոններին:
«Մեր քաղաքականությունը հիմա նրան է ուղղված, որ մենք այնպես կառավարենք, որ ստիպված չլինենք վերադառնալ լոքդաունների, որ այդ բոլոր բիզնեսները նորից մի ամսով փակվեն, իսպառ փակվեն և ընդհանրապես վերականգնվելու որևէ հնարավորություն չունենան», - ասաց կառավարության ղեկավարը:
Ըստ մասնագետի, գործող մեխանիզմները հիմնականում չեն տարածվում 65-ից բարձր տարիք ունեցողների վրա
Թե 26.1 տոկոս պատվաստված քաղաքացիների քանի՞ տոկոսն է խոցելի խմբի՝ 65 տարեկանից բարձր, Առողջապահության նախարարությունից ասացին՝ այդ թվերն առաջիկայում կհրապարակեն։ Նախարարության պաշտոնական էջում օրերս հրապարակված վիճակագրությունից, սակայն, պարզ է դառնում, որ այդ խումբն ամենաքիչն է պատվաստվել։
Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը նկատում է՝ գործող մեխանիզմները՝ աշխատող քաղաքացիների պարտադիր թեստավորում կամ QR կոդի պահանջով աշխատանքի գնալը, հիմնականում չեն տարածվում այդ խմբի վրա։ Ասաց՝ պետք է մասնագետները քարոզից ուղիղ շփման անցնեն՝ բացատրեն այդ խմբի ներկայացուցիչներին, թե ինչու է պարտադիր պատվաստվելը։ Իսկ հանրային վայրերին վերաբերող սահմանափակումները, նրա կարծիքով, կարևոր որոշում է, պարզապես մտավախություն կա, որ վերահսկողության առումով խնդիրներ կառաջանան։
Հանրային առողջության մասնագետն օրինակ բերեց հանրային տրանսպորտում տիրող վիճակը. «Եկեք իրար հարցնենք՝ իսկ ինչո՞ւ տրանսպորտում մարդիկ դիմակ չեն կրում, հենց այդ նույն պատճառներն էլ կարող է խանգարեն, որ այս որոշումը իրական կյանքում այն արդյունավետությունը չունենա, որը մենք ակնկալում ենք»:
Հանրային առողջապահության փորձագետ Դավիթ Մելիք-Նուբարյանի խոսքով՝ մասնագիտական կարծիք կա, որ «օմիկրոն»-ից հետո վիրուսը թեև կմնա, բայց համավարակը կվերանա։ Մասնագիտական տարբեր խմբեր, ասաց, այս կարծիքը հիմնավորում են նրանով, որ արագ տարածվող «օմիկրոն»-ն ավելի շատ մարդկանց կվարակի՝ որոշ առումով կայուն իմունիտետ ապահովելով, բնակչության մյուս մասն էլ պատվաստման շնորհիվ այդ նշաձողը կպահպանեն, հետևաբար վիրուսը գնալով կթուլանա։ Բայց դա ապագայում, իսկ հիմա Մելիք-Նուբարյանն ասաց՝ Հայաստանը վիրուսային շատ վտանգավոր շրջափուլի է մոտենում, համաճարակաբանական կանխատեսումներ կան, որ քովիդի 5-րդ ալիքը ավելի հուժկու կլինի:
«Մենք գտնվում ենք 5-րդ ալիքի դարպասների առջև, շատ մեծ, անգամ կարող ենք ասել նաև պայթյունաձև պացիենտների թիվ ենք ակնկալում, պնդումները արդեն ապացուցված են՝ պատվաստված մարդիկ մոտ 61 տոկոսով ավելի պաշտպանված են անգամ «օմիկրոն»-ի դեպքում, քան չպատվաստվածները», - ասաց մասնագետը: