Դատախազը չի հաստատել նախկին նախարարի մեղադրականը, գործը վերադարձրել է Հակակոռուպցիոն կոմիտե

Կոռուպցիոն հանցագործությունների համար մեղադրվող ու արդեն երեք տարի հետախուզվող բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը ևս դատախազությունը վերադարձրել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ լրացուցիչ քննության։

Վերջին երկու օրվա ընթացքում սա արդեն երկրորդ հնչեղ գործն է, որ այս ճակատագրին է արժանանում։ Ավելի վաղ դատախազությունը նույն կերպ վարվել էր նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործի դեպքում։ Դատախազությունն ու հակակոռուպցիոն կոմիտեն նույնիսկ հաղորդագրությունների միջոցով հրապարակային էին դարձրել իրենց տարաձայնությունները։

Վլադիմիր Գասպարյան, արխիվ

«Ազատությանը» դատախազությունից փոխանցեցին, որ վերահսկող դատախազը չի հաստատել Արամ Հարությունյանի մեղադրականը. սա իրավապահների գնահատմամբ՝ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր կաշառքի գործն է։ Խոսքը 14 միլիոն դոլար կաշառքի, փողերի լվացման և կոռուպցիոն այլ չարաշահումների մասին է։

Գործարար Սիլվա Համբարձումյանն էր հեղափոխությունից հետո հայտարարել, որ 2008-ին կաշառք է տվել բնապահպանության նախարարին, որ իրեն դյուրությամբ, առանց իրական աճուրդների հանքեր շահագործելու արտոնագրեր տրվեն։ Հետախուզման մեջ գտնվող 54-ամյա Հարությունյանը մեղադրանքը չի ընդունում, նրա փաստաբան Երեմ Սարգսյանն ավելի ուշ հանդես կգա մեկնաբանությամբ։

«Ձեռք բերված ապացուցները հիմնավոր են»

Նախքան գործը վերադարձնելու դատախազության որոշումը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Դավիթ Կոստանդյանն «Ազատության» հետ զրույցում պնդել էր՝ ձեռք բերված ապացուցները հիմնավոր են։

«Ավելի քան հիմնավոր են։ Այ սա կոռուպցիոն շղթա էր, որ Հայաստանում ստացված կաշառքը, կաշառք ստանալու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում, Արաբական Միացյալ Էմիրությունների բանկային հաշվեհամարին փոխանցված կաշառքը միջազգային տարբեր բանկերով կատարված փոխանցումների արդյունքում ի վերջո փոխանցվում է Հայաստանի Հանրապետություն, այստեղ կանխիկացվում և մի քանի տարվա ընթացքում գումարը տրվում է կաշառք ստացող պաշտոնատար անձին։ Դրա համար էլ սա հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման օրինակ է, թե ինչպես է փողերի լվացումը կատարվել», - ասաց Կոստանդյանը։

Այս քրեական գործով անցնում են ևս երեք հոգի, որոնց միջոցով էլ խոշոր չափերի կաշառքը փոխանցվել է Հարությունյանին։ Մեղադրյալներից երկուսը ևս հետախուզվում են։ Ըստ քննիչի, հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանը Հայաստանի պետական սահմանը օրինական ճանապարհով չի հատել։ Դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել և հայտնաբերելու դեպքում նախկին նախարարը կկալանավորվի։ Քննիչ Կոստանդյանը նշում է, որ եթե գործը գնա դատարան, ապա հետախուզման մեջ գտնվող Հարությունյանին կարող են դատապարտել հեռակա կարգով, մի հնարավորություն, որ տալիս է փոխված օրենքը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միհրան Պողոսյանն, Արամ Հարությունյանը դուրս եկան Հայաստանից՝ օգտագործելով պատգամավորական անձեռնմխելիությունը. վարչապետ