Ռուսաստանի Պետդումայի կոմունիստական կուսակցության խմբակցության պատգամավորները, այդ թվում՝ խմբակցության ղեկավար Գենադի Զյուգանովը, խորհրդարան են ներկայացրել Ուկրաինայի արևելյան անջատողական հանրապետությունների անկախությունը ճանաչելու վերաբերյալ նախագահ Պուտինին ուղղված դիմումի նախագիծ։
Դիմումի տեքստում մասնավորապես նշված է, թե Ուկրաինայի իշխանություններն «անհանդուրժող են դարձել երկրի Լուգանսկի և Դոնեցկի շրջանների բնակիչների կյանքի պատմականորեն հաստատված նորմերի, ինչպես նաև կամքի և կրոնի նկատմամբ»։ Հեղինակներն առաջարկում են Կիևի քաղաքականությունը որակել որպես «սեփական ժողովրդի ցեղասպանության»։ Կոմունիստների ներկայացրած փաստաթղթում նշված է նաև․ - «Պետդումայի պատգամավորները Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ճանաչումը համարում են արդարացված»։
Երեկ երեկոյան նախագահ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Կրեմլը դեռ չի ուսումնասիրել Կոմունիստական կուսակցության նախաձեռնությունը։ Փաստաթուղթը դեռ պաշտոնապես չի ներառվել Դումայի ծրագրում և կարող է մերժվել նույնիսկ մինչև քննարկման փուլը։
Պուտինին ուղղված կոչն արվել է Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին իրավիճակի աննախադեպ սրման ֆոնին։ Բազմաթիվ աղբյուրներ հայտնում են տարածաշրջանում ռուսական զորքերի զգալի խմբավորման կենտրոնացման մասին։
Արևմտյան տերությունները Մոսկվային կասկածում են լայնամասշտաբ ռազմական ներխուժում նախապատրաստելու մեջ։ Կրեմլը կտրականապես հերքում է դա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱՄՆ-ն նախընտրում է ստեղծված ճգնաժամը կարգավորել դիվանագիտական ճանապարհով․ Բլինքենը` ԶելենսկունԲլինքենը և Լավրովը հունվարի 21-ին կհանդիպեն ԺնևումԵրեկ Կիևում Ուկրաինայի իշխանությունների հետ հանդիպել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ով հաստատել է, որ Վաշինգտոնը Կիևին անվտանգության ոլորտի համար հատկացնում է 200 միլիոն դոլար, և հերթական անգամ հայտարարել է, թե Ուկարինայի դեմ ագրեսիայի դեպքում Արևմուտքի համակարգված արձագանքը ցավոտ է լինելու Ռուսաստանի համար։
Սրա հետ մեկտեղ, Բլինքենը հայտարարում է, թե ուկրաինական ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով հաղթահարելու հնարավորություն դեռ կա, և վաղը նա քննարկելու է այդ հնարավորությունը Ռուսաստան արտգործնախարարի հետ։
Մինչդեռ երեկ երեկոյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձով դիմել է ուկրաինացիներին և կոչ արել խուճապի չմատնվել ռուսական հնարավոր ներխուժման մասին լուրերից։ Տեսանյութը հրապարակվել է քաղաքական գործչի Instagram-ի էջում։ Զելենսկին, դիմելով ուկրաինացիներին, ընդգծել է, որ «Ուկրաինան պատերազմ չի ցանկանում, բայց միշտ պետք է պատրաստ լինի պատերազմին»։