Մատչելիության հղումներ

Մոսկվան Վաշինգտոնին կոչ է անում հրաժարվել Կիևին զենք մատակարարելու հետագա ծրագրերից


Ուկրաինայի զինված ուժերի զորավարժություններ ամերիկյան Javelin հրթիռների կիրառմամբ, արխիվ
Ուկրաինայի զինված ուժերի զորավարժություններ ամերիկյան Javelin հրթիռների կիրառմամբ, արխիվ

«ԱՄՆ իշխանությունները, եթե իսկապես հավատարիմ են ուկրաինական հակամարտության դիվանագիտական կարգավորմանը, պետք է հրաժարվեն Կիևին զենքի նոր խմբաքանակներ մատակարարելու ծրագրերից», - երեկ հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանությունը։

Հայտարարությունում ասված է, որ «Սպիտակ տան, Պետդեպարտամենտի և Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները միաձայն հայտարարել են ռուս-ուկրաինական սահմանին դեէսկալացիոն քայլերի բացակայության մասին», ինչպես նաև պնդել են, որ Ռուսաստանը «ցանկացած պահի կարող է ներխուժել հարևան պետություն, այդ թվում՝ Բելառուսի տարածքից»։

«Եվս մեկ անգամ շեշտում ենք՝ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ մեկի վրա: Մեր հողի վրա զորքեր տեղափոխելու պրակտիկան մեր ինքնիշխան իրավունքն է», - հայտարարել է Վաշինգտոնում ՌԴ դեսպանատունը:

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը երեկ հայտնել է, որ Կիևը հակատանկային զենքի խմբաքանակ է ստացել Մեծ Բրիտանիայից, նշելով, որ դա կօգնի «ուժեղացնել մեր պաշտպանունակությունը»։

Վերջին ամիսներին Ռուսաստանը մոտ 100 հազար զինծառայող է տեղակայել Ուկրաինայի հետ իր սահմանների երկայնքով, ինչը կասկածներ է առաջացրել Արևմուտքի մոտ հարևան երկիր լայնամասշտաբ ներխուժում իրականացնելու Մոսկվայի մտադրությունների վերաբերյալ։ Ռուսաստանը այդ կասկածները բազմիցս հերքել է և փոխարենը դեկտեմբերին ներկայացրել է իր պահանջների ցուցակը։ Պահանջների թվում են երաշխիքներ առ այն, որ ՆԱՏՕ-ն այլևս չի ընդլայնվի դեպի արևելք և օրակարգից կհանի Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հարցը: Ավելին, Ռուսաստանը պահանջել է նաև, որ Հյուսիսատլանտյան դաշինքը հրաժարվի ՆԱՏՕ-ի 1997 թվականին գոյություն ունեցող սահմաններից դուրս ենթակառուցվածքային օբյեկտների ստեղծումից:

XS
SM
MD
LG