Դատարանը մերժեց Պորոշենկոյին կալանավորելու կամ գրավով ազատ արձակելու միջնորդությունը

Կիևի դատարանը մերժեց նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյին կալանավորելու կամ 1 միլիարդ գրիվեն (36 միլիոն դոլար) գրավով ազատ արձակելու դատախազության միջնորդությունը։ Դրա փոխարեն դատարանը պարտավորեցրեց նրան հարցաքննության ներկայանալ առաջին իսկ ծանուցման դեպքում։

Նախկին նախագահը մեղադրվում է մի շարք ծանր հանցագործությունների, այդ թվում՝ պետական դավաճանության համար։ Մեղադրող կողմը պնդում է, որ նա 2014-2015թթ․՝ Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների ժամանակ, քարածուխ է ներկրել ռուսամետ անջատականների վերահսկողությանն անցած Դոնբասից։

Ինքը՝ Պորոշենկոն, մեղադրանքը չի ընդունում և պնդում է, թե այն «պատվիրել է» ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ 2024-ի ընտրություններում իր մասնակցությունն արգելափակելու համար։ Թեև այսօր դատարանը մերժել է դատախազության միջնորդությունները, սակայն Պորոշենկոն պնդել է, թե դա դեռ հաղթանակ չի համարում։

«Մենք չենք տոնում, քանի որ Զելենսկու խելահեղ սցենարը դեռ չի ավարտվել»,- հայտարարել է նա՝ դիմելով դատարանի մոտ հավաքված աջակիցներին։