Գլխավոր դատախազության և Հակակոռուպցիոն կոմիտեի միջև թեժ վեճ է սկսվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի քրեական գործի շուրջ։ Քննչական մարմինը համարում է, որ ավարտել է կոռուպցիոն հանցագործության համար մեղադրվող Գասպարյանի քրեական գործը, և այն կարող է ուղարկվել դատարան, մինչդեռ գործը վերահսկող դատախազը հակառակ կարծիքին է, լրացուցիչ քննության անհրաժեշտություն է տեսնում, այսինքն` դատախազությունը չի համարում, որ Գասպարյանի մեղադրականը հաստատելու համար կան անհրաժեշտ և բավարար ապացույցներ։
Սակայն Հակակոռուպցիոն կոմիտեից հայտարարում են, թե կոռուպցիոն 6 տարբեր հոդվածներով մեղադրվող 63-ամյա գեներալ-լեյտենանտի գործի քննությունը շարունակելու դատախազության որոշումը անհիմն է և անօրինական։ Հակակոռուպցիոն կոմիտեն արդեն հայտարարել է, որ բողոքարկելու է դատախազի որոշումը վերադաս դատախազին։ «Քանի որ վստահ ենք` նման կարևոր գործերով առանցքային որոշումները կայացվում են դատախազական ամենաբարձր մակարդակում, և այս գործը դատարան չուղարկելու որոշումը դատախազության միասնական դիրքորոշումն է», - հայտարարում են ՀՔԾ նախկին պետ, այժմ էլ Հակակոռուպցիոն կոմիտեն ղեկավարող Սասուն Խաչատրյանի գլխավորած կառույցից։
Իրավապահ համակարգում նման հակասությունները կարգավորվում են օրենքով, և պարբերաբար նման խնդիրներ ծագում են, բայց, թերևս, առաջին անգամն է, որ այս վեճը դառնում է հրապարակային։
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն «Ազատությանը» փոխանցեց՝ Հակակոռուպցիոն կոմիտեն օրենքով կարող է բողոքարկել գործը հսկող դատախազի որոշումը վերադաս դատախազին, որին էլ պատկանում է վերջին խոսքը։ Հենց նա կորոշի, թե ինչ ճակատագիր կունենա նախկին ոստիկանապետի հնչեղ գործը` կա՛մ կբավարարի և կհաստատի մեղադրականը, կա՛մ էլ հակառակը՝ գործը կուղարկի լրացուցիչ քննության։
«Առաջին տարբերակը` բավարարել առարկությունները, ցուցումներն, այսպես ասած, չեղարկել, և երկրորդ տարբերակը` մերժել ներկայացված առարկությունները և ուրեմն ուժի մեջ թողնել դատախազի կողմից կայացված ցուցումների վերաբերյալ որոշումը և գործը քննիչին ուղարկելու որոշումը, որից հետո պետք է իրականացվի քննություն, և արդյունքում կայացվի համապատասխան որոշում», - ասաց նա:
Իսկ եթե երկրորդ անգամ քննիչը չկարողանա հավաքել բավարար ապացույցներ, ապա մեղադրանքը կարող է փոփոխվել կամ էլ, ի վերջո, փակվել հօգուտ Գասպարյանի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է Վլադիմիր Գասպարյանի գործի նախաքննությունը18 տարի իրավապահ համակարգում բարձր պաշտոններ զբաղեցրած գեներալ լեյտենանտն, ըստ մեղադրանքի, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացած ավելի քան 2 միլիարդ դրամը կամ 4 միլիոն դոլարը։ 2000-2018-ի ընթացքում, զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, բացի պաշտոնեական լիազորությունները չարաշահելուց, կատարել է նաև պաշտոնեական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, կոռուպցիոն բնույթի այլ արարքներ։ Հակակոռուպցիոն կոմիտեն չի մանրամասնում, թե ինչ կարգավիճակ ունեն նրա կինն ու դուստրը, որոնց անունները ևս շրջանառվում են քրեական գործում։
«Թող իրենք իրար մեջ պարզեն, թե ով է ավելի անբարեխիղճ եղել»
Իրավապահ երկու կառույցների միջև ծագած նման հակասություններ դեռ տարիներ առաջ կանխատեսել էր իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, երբ հեղափոխությունից հետո, նրա կարծիքով, այդպես էլ համակարգային բարեփոխումներ չեղան. «Որ ասում է` աղջիկներ մի կռվեք, երկուսդ էլ ճիշտ եք, հիմա այս տարբերակն է, թող իրենք իրար մեջ պարզեն, թե ով է ավելի անբարեխիղճ եղել, ով է իրականում այս պրոցեսի տապալողը եղել, և մի հարց էլ թող տան` ավելի մեծ վերահսկողության հնարավորության ունեցողին` ի՞նչ արժեն այս պրոցեսները: Հասկանանք, կարող է կոռուպցիոն ռիսկեր կան, կարող է հետաքրքրություններ կան, կարող է կապեր կան, անհատական, անձնական խնդրանքներ, դիմումներ կան, ինչն է խնդիրը, որտեղ է այդ խնդիրը, և այս երկու մարմիններից որտեղ է, որ առաջացել է այդ բացթողման վիճակը»:
Կարապետյանցը նկատում է, որ նախաքննության ընթացքում վերահսկող դատախազը ցանկացած պահի կարող է ստանալ գործի նյութերը, ցուցումներ տալ։ Տարակուսելի է, որ այդքանից հետո դեռ կան հակասություններ, ասում է իրավապաշտպանը և հիշեցնում է, թե ինչ լայն հնարավորությունների տեր էր նախկին ոստիկանապետը։
«Կարկառուն դեմքերից մեկը` Վլադիմիր Գասպարյանն այնպես չի, որ անշրջապատ է, մարդը շատ վաղուց աշխատել է, երկար տարիներ ունի շատ լավ ընկերություն, ծանոթություն, կապեր, իսկ այդ կապերը աշխատում են Հայաստանում շատ ավելի լավ, քան գրված օրենքները», - ասում է նա:
Ըստ Իոաննիսյանի` վեճի իրական պատճառը գլխավոր դատախազի և կոմիտեի ղեկավարի հակասություններն են
Իրավապահների հետ տարբեր գործերով առնչվող «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը կարծում է՝ երկու կառույցների միջև վեճի իրական պատճառը գլխավոր դատախազի և Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի հակասություններն են։ Թե ինչ հակասություններ են, դժվարանում է ասել, բայցև նկատում է՝ վեթինգ չանցած դատախազները որոշումներ են կայացնում վեթինգ անցած նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեի կատարած աշխատանքի վերաբերյալ։
Հատկապես հակակոռուպցիոն գործեր հսկող դատախազները ևս պետք է ստուգումներ անցնեն, կարծում է Իոաննիսյանը. «Գոնե ամենաբազային, ստորին մակարդակի, բայց անկախություն ունեն գլխավոր դատախազից, այս կոմպոնենտները քանի չլինեն, թե այս վեճերն են լինելու, թե այս վեճերի հետևում մենք, միշտ հասարակությունը կասկածելու է, որ այս վեճերի հետևում կոռուպցիա, կա այն հանգամանքը, որ Արթուր Դավթյանը, այդուհանդերձ, Սերժ Սարգսյանի օրոք նշանակված գլխավոր դատախազ է, նախկին իշխանությունները որոշակի առումով ազդեցություն են պահպանել Արթուր Դավթյանի նկատմամբ»:
Գլխավոր դատախազությունից ավելի ուշ «Ազատությանը» փոխանցեցին, որ Հակակոռուպցիոն կոմիտեի գործերը քննող դատախազները անցել են բարեվարքության ստուգում։
Ստեղծված իրավիճակի մասին Վլադիմիր Գասպարյանի փաստաբանից մեկնաբանություն ստանալ մեզ չհաջողվեց, փաստաբանը հրաժարվում է «Ազատությանը» մեկնաբանություններ տալ։ Պարզ չէ նաև, թե արդյո՞ք նախկին ոստիկանապետը ընդունում է մեղադրանքը։