Ուկրաինայի սահմաններին ռուսական զորքերի կուտակումը նշանակում է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հրամայել հարձակվել Ուկրաինայի վրա «շատ կարճ ժամանակում», չորեքշաբթի օրը Կիևում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հավելել է՝ այդուհանդերձ, մեծ հույս ունի, որ Ռուսաստանը նախապատվությունը կտա դիվանագիտությանն ու խաղաղ ճանապարհին։
«Մենք տեղյակ ենք, որ այդ [ռուսական] ուժերը շատ կարճ ժամկետներում է՛լ ավելի մեծացնելու ծրագրեր կան, և դա նախագահ Պուտինին հնարավորություն է տալիս նաև շատ կարճ ժամանակում հետագա ագրեսիվ գործողություններ ձեռնարկել Ուկրաինայի դեմ», - Կիևում ԱՄՆ դեսպանատանն ունեցած ելույթում ասել է պետքարտուղարը։
Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ բանակցելուց հետո մեկնելու է Բեռլին՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների հետ շարունակելու ռուսական սպառնալիքների ու հնարավոր պատասխան քայլերի շուրջ քննարկումները։
Ուրբաթ օրը Ժնևում նախատեսված են Էնթոնի Բլինքեն - Սերգեյ Լավրով երկկողմ բանակցություններ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր մեկնարկում է ԱՄՆ պետքարտուղարի այցը Ուկրաինա ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքենը և Լավրովը հունվարի 21-ին կհանդիպեն Ժնևում