Խորհրդարանական ընդդիմությունը կբոյկոտի սահմանադրական բարեփոխումների համար ստեղծվող խորհրդի աշխատանքները։ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցություններից վերահաստատում են՝ ցանկություն չունեն մասնակցելու բարեփոխումներին։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» խմբակցությունում համարում են, որ առկա ներքին և արտաքին մարտահրավերների, սպառնալիքների պայմաններում սահմանադրական փոփոխությունների օրակարգը շեղող նպատակ է հետապնդում, նաև իշխանության վերարտադրության փորձ է։ Դեռ անցած տարեվերջին երկրորդ նախագահը հայտարարել էր, որ դեմ է այս ճանապարհով սահմանադրական բարեփոխումներին. «Կա լրջագույն կասկած, որ այս ամենն արվում է մեկ այլ նպատակի համար, հնարավորություն ստեղծել ևս ինչ-որ մի տեղ տեղավորվելու»։
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի սատարած «Պատիվ ունեմ» խմբակցությունում էլ իշխանության նախաձեռնությունը կեղծ օրակարգ են որակում, համարում՝ Փաշինյանի կառավարությունը ցանկանում է սահմանադրական փոփոխություններով իր վերարտադրությունն ապահովել։ Նույն մեղադրանքն, ի դեպ, ժամանակին ընդդիմությունն ուղղում էր Սերժ Սարգսյանին, երբ նրա նախաձեռնությամբ 2015 թվականին փոխվեց Սահմանադրությունը, ու Հայաստանը կիսանախագահականից դարձավ խորհրդարանական կառավարմամբ պետություն։ Բարեփոխումները նախաձեռնելիս երրորդ նախագահը վստահեցրել էր, թե չի առաջադրվի վարչապետի պաշտոնում, այդուհանդերձ 2018-ին առաջադրվեց ու ընտրվեց, ինչն էլ Հայաստանում հեղափոխության հանգեցրեց։
«Դեռևս այն ժամանակ մենք մերժել ենք այս գործընթացը, որովհետև սա կեղծ օրակարգ է, որն առաջին հերթին միտված է կապիտուլյանտ իշխանությունների վերարտադրության ևս մեկ տարբերակ մշակելուն», - կարծում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամներն օրերս են ընտրվել՝ արտախորհրդարանական ուժերից կազմում կընդգրկվեն «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների ներկայացուցիչները։ Քաղհասարակությունն էլ ներկայացուցիչներ կունենա։ Խորհրդի կազմում կլինի նաև արդարադատության նախարարը, որը կնախագահի նորաստեղծ մարմինը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, համաձայնությամբ աշխատանքներին կարող են մասնակցել նաև Մարդու իրավունքների պաշտպանը, Բարձրագույն դատական խորհրդի և Ազգային ժողովի քաղաքական ուժերից մեկական ներկայացուցիչ։ Կազմը դեռ պետք է հաստատի վարչապետը, իսկ նոր ձևավորված խորհուրդն իր հերթին կձևավորի քաղաքական ուղղվածություն չունեցող 5 գիտնական մասնագետներից կազմված հանձնաժողով։ Հենց գիտնականերն էլ կզբաղվեն Սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակմամբ։
«Խորհուրդը լինելու է հիմնական պատվերը ձևակերպողը, թե մենք ինչ ենք ուզում, մասնագիտական հանձնաժողովը լինելու է արդեն իրավական որակյալ, բարձրորակ ֆորմա տվողը», - ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Շուրջ մեկ տարի առաջ այսպես կոչված՝ «ռազմական հեղաշրջման փորձի» օրերին սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին խոսելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել կիսանախագահական համակարգին անցնելու հնարավորությունը։ Տարեվերջին տրամագծորեն հակառակ կարծիքն էր հայտնել, թե կողմ է խորհրդարանական կառավարմանը։
Թե Փաշինյանի այս իրարամերժ հայտարարություններից հետո ինչ դիրքորոշում կլինի սահմանադրական բարեփոխումների համար ձևավորվող խորհրդում, Դանիել Իոաննիսյանը դժվարանում է ասել, սակայն նշում է, որ կողմ չէ երկրի կառավարման համակարգի փոփոխությանը։ Նա շեշտում է՝ դեռ 2 տարի առաջ ստեղծված ու պատերազմի պատճառով կասեցված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը որոշել էր պահպանել կառավարման խորհրդարանական մոդելը։
«Մեր կարծիքով՝ խորհրդարանական կառավարման մոդել պետք է լինի, բայց այդուհանդերձ, հանրապետության նախագահը, օրինակ, պետք է ուղիղ ընտրությամբ ընտրվի քաղաքացիների կողմից և որպես իշխանության հակակշռման մեխանիզմ՝ պետք է ավելի շատ ներդրում ունենա դատական իշխանության ձևավորման գործում», - նկատում է Իոաննիսյանը։
Դեռևս հստակ չէ՝ ինչ օրակարգով է աշխատելու սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, կոնկրետ ինչ հարցեր են քննարկվելու, բայց Արդարադատության նախարարությունում մոտավոր պատկերացում ունեն՝ որ հարցերը չի շրջանցի խորհրդը։
«Որոշակի հարցեր կան, որ կարծում ենք՝ կքննարկվեն խորհրդի կողմի, քանի որ բազմիցս քննարկվել են այս ընթացքում՝ նույն կառավարման ձրի հարցը, կամ գերագույն դատարանի ստեղծման միջոցով սահմանադրական ու վճռաբեկ դատարանների միավորումը, կամ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների միավորումը։ Նաև վերջերս շատ են քննարկումները՝ կապված դատավորների բարեվարքության ստուգման՝ վեթթինգի մեմանիզմների ներդրման առումով, և միգուցե այդ հարցն էլ քննարկման առարկա կդառնա, որպեսզի լուծումներ գտնեն նաև Սահմանադրության մակարդակով այդ հարցը լուծելու», - մանրամասնեց Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Տիգրան Դադունցը։
Արդարադատության նախարարությունը ծրագրում է մինչև 2023 թվականի հունիսը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմին։ Տիգրան Դադունցն ասում է՝ ոչինչ չի խանգարում որ հենց այդ ժամանակ էլ առաջարկվող փոփոխությունները դրվեն հանրաքվեի։