Ուկրաինայի կառավարության մի շարք պաշտոնական կայքէջեր ենթարկվել են հաքերային հուժկու գրոհի: Դա տեղի է ունեցել Ուկրաինայի և Ռուսաստանի գերլարված հարաբերությունների և Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական 100-հազարանոց զորքի կուտակման ֆոնին:
Հարձակման ենթարկվելու մասին առաջինը հայտնել է Ուկրաինայի կրթության նախարարությունը:
Ավելի ուշ կառավարությունը հայտնել է, որ կիբերհարձակման ընթացքում կառավարական կայքէջերի բովանդակությունը չի փոխվել, և անձնական տվյալների կորուստ չի գրանցվել:
Հաքերային գրոհի ընթացքում Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության կայքէջում հայտնվել է «Վախեցեք և և վատթարը սպասեք» ուկրաիներեն, լեհերեն և ռուսերեն գրությունը:
Որևէ խմբավորում դեռ պատասխանատվություն չի ստանձնել այդ գրոհի համար:
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը դատապարտել է գրոհը և ասել է, որ Եվրամիության կիբերանվտանգության կառույցները կօգնեն Ուկրաինային: