Կրթության ոլորտի աշխատողների գործադուլ, ցույցեր Ֆրանսիայում

Հակահամաճարակային սահմանափակումների դեմ ուսուցիչների բողոքի ցույց Ֆրանսիայում, արխիվ

Ֆրանսիայում ուսուցիչների և կրթության ոլորտի այլ աշխատողների գրեթե 40 տոկոսը՝ ըստ պաշտոնական տվյալների, երեկ մասնակցել է կորոնավիրուսի համավարակի հետ կապված անընդհատ փոփոխվող կանոնների դեմ գործադուլին։

Անցած 8 օրվա ընթացքում սանիտարական կանոնները երեք անգամ փոփոխվել են։ Կորոնավիրուսի տարածման պատճառով երկրում այս պահին ավելի քան 10 հազար դասարան տեղափոխվել է հեռավար ուսուցման։ Ուսուցիչներն ասում են, որ իրենց փողոց են բերել հոգնածությունն ու դժգոհությունը:

Մանկավարժները մտահոգված են նաև, որ հեռակա աշխատանքի և սթրեսի պատճառով ավագ դպրոցի աշակերտները չեն դիմանա մարտին նախատեսված մասնագիտացման նոր քննություններին։

Փարիզում ցույցին միացել է ավելի քան 8 հազար մարդ։ Ընդհանուր առմամբ, արհմիությունների կոչով երկրում անցկացվել է 136 ցույց, դրանց մասնակցել են նաև դպրոցականների ծնողների ասոցիացիաների ներկայացուցիչներ։ Արհմիությունների տվյալներով՝ որոշ դպրոցներում ուսուցիչների 75 տոկոսը չի եկել աշխատանքի։
Կրթության համակարգի այս գործադուլը վերջին շրջանում ամենախոշորն էր։