Անցած շաբաթ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 15 միլիոն մարդ։ Սա համաճարակի բռնկումից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է, նախորդ շաբաթվա համեմատ հիվանդացությունն աճել է 55 տոկոսով, մահացության ցուցանիշը, այդուհանդերձ, մնացել է նույնը, հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։
Կառույցի տվյալներով՝ անցած շաբաթ կորոնավիրուսի հետևանքով աշխարհում արձանագրվել է մահվան 43 հազար դեպք։
COVID-19 վարակի սրընթաց տարածման պատճառն «օմիկրոն» շտամն է, որը, մասնագետների գնահատմամբ, ավելի վարակիչ է, քան վիրուսի մյուս փոխակերպումները։ ԱՀԿ-ի եվրոպական բյուրոյի գնահատականներով՝ առաջիկա 6-8 շաբաթներին Եվրոպայի բնակչության կեսից ավելին կվարակվի կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով։