Պուտինի դեմ պատժամիջոցը հավասար կլինի հարաբերությունները խզելուն․ Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

ԱՄՆ Կոնգրեսում Ռոբերտ Մենենդեսի գլխավորած մի խումբ դեմոկրատ սենատորներ ներկայացրել են օրինագիծ, որով պատժամիջոցներ կսահմանվեն Ռուսաստանի ղեկավարների նկատմամբ այն դեպքում, եթե ռուսները համարձակվեն ներխուժել Ուկրաինա: Նախաձեռնության անվանումն է «Ուկրաինայի ինքնիշխանության պաշտպանության 2022 թվականի օրենք»:

Օրինագծով ենթադրվում է պատերազմի պարագայում պատժամիջոցներ սահմանել նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և բարձրաստիճան այլ ղեկավարների նկատմամբ:

Նախագիծը պետք է քննարկվի Սենատի արտաքին հարցերի հանձնաժողովում, որի նախագահը Մենենդեսն է:

Ըստ գործող կարգի, Սենատը և Ներկայացուցիչների տունը պետք է հավանություն տան օրինագծին, ինչից հետո այն վավերացման համար կփոխանցվի նախագահ Ջո Բայդենին:

Ռուսական կողմն արդեն նախազգուշացրել է, որ օրինագծի ընդունումն ու իրագործումը կդիտվի որպես աննախադեպ քայլ, որը չափազանց ծանր հարված կհասցնի երկու գերտերությունների առանց այն էլ բարդ հարաբերություններին:

«Պետության ղեկավարի, Ռուսաստանի ղեկավարի նկատմամբ պատժամիջոցի սահմանումը ծայրահեղ միջոց է, այն համեմատելի է միայն հարաբերությունները խզելու հետ», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը և ընդգծել, որ Վաշինգտոնի կողմից նման քայլին Մոսկվան անմիջապես կտա համարժեք պատասխան:

Խոսնակի փոխանցմամբ՝ Ժնևում, Բրյուսելում և Վիեննայում տեղի ունեցած բանակցությունների օրերին պատժամիջոցի մասին լուրի հրապարակումը պատահական չէ և Մոսկվայի վրա ճնշում բանեցնելու նպատակ է հետապնդել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արևմուտքը և Ռուսաստանն այսօր ունեն բացարձակ իրարամերժ դիրքորոշումներՆԱՏՕ-ՌԴ բանակցություններից հետո «կողմերը դեռ զգալի տարաձայնություններ ունեն, ընդհանուր մոտեցումներ գտնելը բարդ խնդիր է»Վաշինգտոնը մերժում է Մոսկվայի պահանջները, սակայն բաց է հետագա բանակցությունների համար

Այս շաբաթվա ընթացքում Ռուսաստանի բարձրաստիճան ներկայացուցիչները բանակցություններ են անցկացրել Միացյալ Նահանգների, ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների հետ:

Ռուսաստանը պահանջում է անվտանգության երաշխիքներ ու մասնավորապես խոստում առ այն, որ նախկին խորհրդային երկրները՝ Ուկրաինան և Վրաստանը չեն անդամակցի ՆԱՏՕ-ին:

Հյուսիսատլանտյան դաշինքը պատասխանել է, որ Ռուսաստանը չունի ՆԱՏՕ-ի ընդարձակման հարցում որևէ պահանջ ներկայացնելու իրավունք:

Բրյուսելում վերստին հստակ ասել են, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են, և ցանկացած երկիր կարող է դրան միանալ, եթե քաղաքական, ռազմական և այլ առումներով համապատասխանի դաշինքի չափանիշներին:

Արևմուտքի և Ռուսաստանի պատվիրակների փոխանցմամբ՝ բանակցություններում առաջխաղացում չի գրանցվել, սակայն կողմերը կփորձեն շարունակել երկխոսությունը: