Ֆրանսիան, որը հունվարի 1-ից նախագահում է Եվրամիության խորհուրդը, ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը։ Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ Փարիզում կայացած հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում։
Պատասխանելով հունվարի 10-ին Ժնևում տեղի ունեցած ռուս-ամերիկյան խորհրդակցությունների վերաբերյալ լրագրողների հարցին՝ Մակրոնն ասել է. -
«Լավ է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն այս երկխոսությունը վարում են։ Այս քննարկումները վերաբերում են Ուկրաինային, բայց ոչ միայն Ուկրաինային։ Խոսքը վերաբերում է նաև այս երկու մեծ տերությունների հավաքական անվտանգությանը։ Եվ շատ լավ և դրական է, որ նման երկխոսությունը շարունակվում է»:
Երեկ Ժնևում կայացած բանակցություններն այս շաբաթ նախատեսված երեքից առաջինն էին։ Այսօր Բրյուսելում կկայանա ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստը, վաղն էլ Վիեննայում ԵԱՀԿ շրջանակում կքննարկվեն անվտանգության ռազմավարական հարցեր։