Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ անցած գիշերը հայկական զինուժը կրկին գնդակոծել է սահմանին ադրբեջանական զինուժի դիրքերը։
Հաղորդագրության համաձայն՝ հունվարի 11-ի ժամը 23:20-ից մինչև հունվարի 12-ի ժամը 05:10-ը հայկական զինուժը գնդակոծել է ադրբեջանական բանակի դիրքերը Քյալբաջարի շրջանի Զեյլիկ և Ելիջյա, ինչպես նաև Թովուզի շրջանի Մունջուղլու, Աղբուլաղ, Գոշա, Կոխանաբի և Ասրիկ Ջըրդահան բնակավայրերի ուղղություններով։ «Բոլոր դեպքերում ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկել են համարժեք և համաչափ պատասխան գործողություններ։ Ներկայումս օպերատիվ իրավիճակը գտնվում է ադրբեջանական բանակի ստորաբաժանումների վերահսկողության տակ», - ասված է հաղորդագրությունում։
Ըստ Ադրբեջանի ռազմական գերատեսչության՝ առավոտյան այդ հատվածներում իրավիճակը համեմատաբար կայուն է։
Միաժամանակ, հաղորդագրության համաձայն, Ադրբեջանի զինված ուժերն ուժեղացրել են պետական սահմանի պաշտպանությունը՝ «կապված հայ զինվորականների կողմից սադրանքների հնարավոր կրկնության հետ»։
Հայկական կողմը սահմանին գիշերային միջադեպերի վերաբերյալ որևէ բան չի հաղորդում։ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքի ղեկավարն առավոտյան «Ազատությանը» փոխանցել էր, որ գիշերը սահմանին հանգիստ է եղել, միջադեպեր չեն գրանցվել , կրակոցներ չեն լսվել։
Երեկ օրվա երկրորդ կեսին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից երեք, ադրբեջանական կողմից՝ մեկ զինծառայող է զոհվել, կան նաև վիրավորներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանին ինտենսիվ փոխհրաձգության գոտում հայտնաբերվել է ևս մեկ զոհված զինծառայողի դին․ ՀՀ ՊՆ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանին կրկին լարված է. հայկական կողմը հայտնում է երկու, ադրբեջանականը` մեկ զոհի մասին