Վաշինգտոնը ցանկանում է շփվել Մոսկվայի հետ, վստահեցնում է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանը

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվան, արխիվ

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների բանակցությունները կարող են ի վերջո ձախողվել, բայց առայժմ դա այն ուղղությունը չէ, որով շարժվում են երկրները, երեկ Կրեմլից անկախ «Դոժդ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանը։ Ջոն Սալիվանը հավելել է՝ ամերիկյան կողմի համար կարևոր է կենտրոնանալ այն փաստի վրա, որ ժնևում կայացել էր ութժամյա երկխոսություն։ Դա պարզապես յուրաքանչյուր կողմի՝ իր դիրքորոշման ցուցադրություն չէր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը մերժում է Մոսկվայի պահանջները, սակայն բաց է հետագա բանակցությունների համար

Դեսպանի խոսքով՝ Վաշինգտոնը ցանկանում է շփվել Մոսկվայի հետ, և դրան հասնելու լավագույն ճանապարհը ոչ հրապարակային քննարկումներն են։

Դեկտեմբերի 17-ին Ռուսաստանի արտգործնախարարությունն առաջարկներ էր ուղարկել Միացյալ Նահանգներին և ՆԱՏՕ-ին անվտանգության երաշխիքների վերաբերյալ։ Ռուսական կողմն առաջարկել է հրաժարվել Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնումից դեպի արևելք և հետխորհրդային երկրներում ռազմակայանների ստեղծումից։

Փաստաթղթերի քննարկումները Ռուսաստան-ԱՄՆ ֆորմատով անցել են հունվարի 9-ին և 10-ին։ Կողմերը չկարողացան համաձայնության գալ մի հարցի շուրջ, որը Մոսկվան համարում է առանցքային՝ դեպի արևելք ՆԱՏՕ-ի չընդլայնումը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան պահանջում է, որ ՆԱՏՕ-ն հետ կանգնի Ուկրաինայի ու Վրաստանի վերաբերյալ 2008 թվականի որոշումից

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը բանակցություններից հետո ասել էր, որ ՆԱՏՕ-ն չի հրաժարվի «բաց դռների» քաղաքականությունից՝ մերժելով երկրներին անդամակցել դաշինքին, միաժամանակ հավելել էր, թե հնարավոր է փոխզիջման հասնել Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ուժերի չտեղակայման հարցում։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը բանակցություններն անվանել էր «բարդ, բայց գործնական»։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Ժնևում հունվարի 10-ին կայացած բանակցությունների ընթացքը դրական էր գնահատել, ընդգծելով, թե այնուամենայնիվ լավատեսության պատճառ չի տեսնում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրեմլի խոսնակի պնդմամբ, ժնևյան բանակցություններն առայժմ լավատեսություն չեն ներշնչում

Բանակցություններից հետո ԱՄՆ պատվիրակությունը խոստացել է հաջորդ շաբաթ գրավոր պատասխան տալ ռուսական առաջարկներին։ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ընդգծել է՝ Մոսկվան սպասում է արագ արձագանքի ամերիկյան կողմից անվտանգության երաշխիքների շուրջ համաձայնագրերի նախագծերի վերաբերյալ։

Այսօր Բրյուսելում կայանալու է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը։

Ռուս-ամերիկյան, Ռուսաստան-ՆԱՏՕ այս բանակցություններն անցնում են չափազանց լարված իրավիճակում, Արևմուտքը ռուսական կողմին մեղադրում է Ուկրաինայի դեմ նոր հարձակում ծրագրելու։ Մոսկվան մեղադրանքը հերքում է և պատրաստվում է նոր զորավարժություններ անցկացնել Ուկրաինայի հետ սահմանին։