Շիրակցի գերիների հարազատները կառավարության շենքի առջև էին՝ հայ ռազմագերիներին վերադարձնելու պահանջով

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Խծաբերդից գերեվարված շիրակցի ռազմագերիների հարազատներն այսօր կեսօրից մինչև երեկո կառավարության շենքի առջև էին՝ նույն պահանջով՝ վերադարձնել Բաքվի բանտերում մնացած հայ ռազմագերիներին։

Էդգար Հովհաննիսյանի եղբայրն է գերության մեջ։ «Տարի 2 ամիս արդեն Բաքվի բերդերում է ու էս կառավարությունը էդ տարի 2 ամսվա ընթացքում 29 հոգի տղերքից բերել է, բայց մենք հստակ պահանջում ենք մեր տղաներին, որոնք այս պահին գտնվում են Բաքվի բերդերում», - նշեց Հովհաննիսյանը:

2020 թվականի դեկտեմբերի 13-ին Արցախի Խծաբերդ-Հին Թաղեր հատվածից գերեվարվել էին 62 շիրակցիներ, նրանցից 29-ն արդեն վերադարձել են, 33-ը դեռ Ադրբեջանում են։

«Մենք էս պահին, էս ծնողները էս ցրտին, էս բետոնի վրա նստած պահանջում են իրանց տղաներին, ուրիշ ոչ մի պահանջ մենք չունենք», - ասաց հավաքվածներից Մուշեղ Աղրամանյանը:

Շիրակցի պահեստազորայինների հարազատները այստեղ էին նաև դեկտեմբերի 31-ին՝ Ամանորի գիշերը: Նրանց խոսքով, այլևս չգիտեն ինչ անեն՝ նպաստելու որդիների վերդարձին կառավարության շենքի առջև հավաքվելուց ու միջազգային կազմակերպություններին դիմելուց բացի։ Գործադիրում գերիների հարազատներին, ինչպես Ամանորի գիշերը, այսօր էլ չընդունեցին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Շիրակցի գերիների հարազատների մի մասը Նոր տարին կառավարության շենքի առջև է դիմավորել

«Անցած տարի ենք վերջին անգամ հանդիպում ունեցել, ասել են, որ «սպասեք, բանակցությունների մեջ է», բայց էդ բանակցությունների արդյունքները հեչ չտեսանք, անցած տարվա սեպտեմբերից էդ է՝ «բանակցությունները գնում ենք, կբերենք», ու ոչ մեկին էլ չեն վերադարձրել, 62-ից եկել են 29-ը, վերջինը եկել են 6 տարվա դատվածները, 5 հոգի ու վերջ», - ասաց գերիներից մեկի հայրը՝ Անուշավան Մանուկյանը:

Մանուկյանի խոսքով՝ էական էլ չէ իրենց կընդուե՞ն կառավարությունում, թե՝ ոչ, կարևորը որդիները վերադառնան, սակայն ոչ վերադառնում են, ոչ էլ որևէ նորություն են իրենց հայտնում բանակցությունների ընթացքից. «Մենակ զգում ես, որ արհամարհություն է, անտերություն է, մի խելքը գլխին բան չկա, ոչ ասող կա, ոչ էլ տեր կանգնող կա: Եկել ենք՝ ո՞ւմ է պետք՝ ինչի ես եկել, ինչի ես կանգնել, իրանց երեխաները տունն են, իրանք առավոտյան եկել են գործի, իրիկունն էլ շատ մեծ հաճույքով տուն կգնան, բայց մենք ցանկություն չունենք տուն մտնենք»:

Շիրակից Երևան եկած գերիների մի քանի տասնյակ հարազատներ հրապարակում մնացին 6 ժամից ավելի, հուսահատ առանց անգամ տղաների վերադարձի մասին խոստումներ լսելու: Պատմում են, որ ժամանակ առ ժամանակ Կարմիր խաչի միջոցով նամակներ են ստանում իրենց որդիներից, որոնք փորձում են քաջալերել ծնողներին՝ դիմանալու այս փորձությանը։

«Կարմիր խաչը նամակներ է բերում մեզ, շատ ուրախ ենք, շատ շնորհակալ ենք իրանցից: Եղավ 1 տարի 2 ամիս՝ այս բոլոր ծնողներով այսպես մենք պայքարում ու տանջվում ենք, բայց արդյունք չենք տեսնում», - նշեց հավաքվածներից Անահիտ Բաղդասարյանը:

Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում պահվում է 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո գերեվարված 46 հայ, նրանց թվում եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված շիրակցիների մի մասը: Ադրբեջանը հայկական կողմին վերջին անգամ դեկտեմբերի 29-ին է գերիներ փոխանցել Հունգարիայի միջնորդությամբ։