Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նոր մանրամասներ է հրապարակել Ղազախստանում գտնվող ՀԱՊԿ զորախմբի գործողությունների մասին։
Ռուսաստանի ռազմական գերատեսչության տեղեկություններով՝ այս պահին ՀԱՊԿ զորախումբն իր պահպանության տակ է առել օդանավակայանները, հացի գործարանները, ջերմաէլեկտրակայանները, զինապահեստները, ինչպես նաև մի շարք այլ պետական, ռազմական և սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտներ։
Ռուսաստանի ՊՆ-ը նաև տեղեկացնում է, որ զորախմբի զինծառայողներն իրադրությանը հետևում են անօդաչու թռչող սարքերի օգնությամբ։
TACC գործակալության փոխանցմամբ՝ ՀԱՊԿ զորախմբի գլխավոր բազան Ալմաթիի բարձրագույն համազորային ուսումնարանի տարածքում է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԱՊԿ զորքերի դուրսբերումը Ղազախստանից կսկսվի երկու օրից․ Տոկաև
ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումները հունվարի 6-ին են սկսել առաջադրանքներ կատարել Ղազախստանում: Այդ երկրի իշխանությունները օգնություն էին խնդրել կազմակերպությունից դրանից մեկ օր առաջ, երբ բողոքի ակցաները վերածվել էին արյունալի բախումների։