Միացյալ Նահանգները հիմքեր չունի ՀԱՊԿ կոնտինգենտին խորհուրդ տալու, թե ինչպես վերականգնել կարգը և հարգել մարդու իրավունքները Ղազախստանում, ասված է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանության՝ երեկ Թվիթերում հրապարակած հաղորդագրությունում։
Կիրակի օրը հայտարարվեց, որ ՀԱՊԿ խաղաղապահները կմնան Ղազախստանում «մինչև երկրում իրավիճակի ամբողջական կայունացում», և որ երկրի նախագահի խնդրանքով Ղազախստան ուղարկված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զինծառայողները վերահսկողության տակ են վերցրել Ալմաթի քաղաքի և դրա շրջակայքում գտնվող ռազմավարական օբյեկտները։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխանցմամբ՝ Ղազախստանում մոտ 2,5 հազար խաղաղապահ է տեղակայվել։
Արևմուտքը և մասնավորապես Միացյալ Նահանգները քանիցս հայտարարել են, որ հարցեր ունեն Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայման հետ կապված։
Ղազախստանում զանգվածային անկարգությունները սկսվել են հունվարի 1-ից, երբ ուժի մեջ է մտել հեղուկ գազը ավելի քան կրկնակի թանկացնելու որոշումը: Հետագայում կառավարությունը չեղարկեց որոշումը, սակայն զանգվածային բողոքները շարունակվեցին: Երկու շաբաթով երկրի տարածքում արտակարգ դրություն մտցվեց, կառավարությունը պաշտոնանկ արվեց, նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնում փոխարինեց երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին։
Նախորդ շաբաթվա ընթացքում բողոքի ցույցերը վերաճեցին զինված բախումների, որոնց հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին կամ վիրավորվեցին։ Երկրի իշխանություններն օգնության համար դիմեցին ՀԱՊԿ-ին, որի խաղաղապահները ժամանեցին Ղազախստան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Երբ ռուսները հայտնվում են ձեր տանը, երբեմն շատ դժվար է նրանց ստիպել հեռանալ». Բլինքեն
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղազախստանի իշխանությունները պնդում են՝ երկրում տեղի ունեցածը «հիբրիդային ահաբեկչության» փորձ է
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղազախստանում հայտարարում են իրավիճակի կայունացման մասին. ՀԱՊԿ տեսակոնֆերանս է պատրաստվում վաղը (թարմացված լրահոս)